Իշխանական պատգամավորները չեն շտապում ասել՝ արդյոք Հայաստանը ռազմավարական նոր դաշնակցի փնտրտուքի մեջ է։ Ամերիկյան Wall Street Journal-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ Հայաստանը նոր գործընկերներ է փնտրում, քանի որ Մոսկվան ձախողել է իրագործել դաշնակցային պարտավորությունները Հայաստան ադրբեջանական ներխուժումների, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության հաստատման ժամանակ։
Փաշինյանը հավելել է՝ նույն այդ պատճառով Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայության մեջ որևէ առավելություն չի տեսնում։ Բայց հանելու շուրջ էլ քննարկում, ըստ նրա, չկա։
«Ահա այս իրադրությունները մեզ բերել են մի որոշման, որ մենք պետք է անվտանգային ոլորտի մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնենք, և մենք հիմա փորձում ենք դա անել», - ասել է նա։
Վարչապետի կուսակիցները Արուսյակ Ջուլհակյանը խորհրդարանում իր կարծիքը ներկայացրեց՝ պարտադիր չէ, որ խոսքը հենց ռազմական նոր դաշինքի մասին լինի՝ կարող է լինել գործընկերություն ու ոչ միայն ռազմական։ Խաղաղությունը հարևանների հետ՝ անվտանգության ապահովման կարևոր երաշխիքներից մեկն էլ իշխանական պատգամավորը դա համարեց։ Վարչապետի հայտարարություններից հետո դժվարացավ կանխատեսել ռազմավարական դաշնակից Ռուսաստանի արձագանքը, որի հետ հարաբերությունները վերջին շրջանում անթաքույց սրված են։
«Պետք է անվտանգային այլ բաղադրիչներ գտնենք մեզ համար, դա կլինի թե զենքի տեսքով, սպառազինության տեսքով, ինչպես օրեր առաջ տեսանք Ֆրանսիայի հետ ունեցած պայմանավորվածությունը, դա կարող է լինել հենց Եվրամիության դիտորդական առաքելության տեսքով, որը կարող է անվտանգության բնագավառում զսպող գործոն հանդիսանալ, դա, օրինակ, կլիներ արդեն իսկ այդքան քննարկված և չարչրկված Հռոմի ստատուտը, այսինքն՝ միայն ռազմական բաղադրիչը չէ, որ կարող է ապահովել անվտանգությունը», - ասաց նա։
«Եվ անվտանգային, և արտաքին քաղաքականության բալանսավորված քաղաքականություն ենք վարում՝ ապահովելու ՀՀ պետական շահը», - ասաց «Քաղաքացիական պայմանագրից» Արթուր Հովհաննիսյանը։
Իշխանությունների պնդումներն ընդդիմադիրներին չեն համոզել, նրանք մտահոգված են։
«Փաշինյանն ու իր խմբակը առկա դաշնակցի և գործընկերների հետ հարաբերությունները դորդուբեշ են արել, հիմա նոր գործընկերներ են որոնում», - ասում է Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ից պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Նա հավելում է՝ որպես ՀՀ քաղաքացի միշտ չէ, որ գոհ է ռազմավարական դաշնակցի արձագանքներից, նոր սպառազինության ձեռքբերումն էլ ողջունում է, բայց. - «Լայքի խաթեր երկիրը վտանգի տակ դնելը, երբ որ դաշնակցի կամ գործընկերոջ մասին հրապարակային ինչ-որ բան ես ասում, անձնապես քեզ չեն պատասխանում, դու չես դրա համար պատասխանատվություն կրում, պետությունն է կրում»։
Հայաստանը նոր պայմանագրով պաշտպանական զենք կգնի Ֆրանսիայից, 44-օրյա պատերազմից հետո նաև Հնդկաստանի հետ է ռազմատեխնիկական ոլորտում համագործակցում, մանրամասներ, սակայն, այս դեպքում պաշտոնական աղբյուրները չեն բացահայտել։ Իսկ Ռուսաստանից զենք ձեռք բերելը, ըստ իշխանական պատգամավորների, վերջին տարիներին անհնար է դարձել։
«Դու բանկոմատ չես, որ փող մենակ տաս, եթե զենք չեն վաճառում, դա քո մեղքն է, որովհետև մինչև քեզ երեսուն տարի վաճառում էլ էին, անվճար էլ էին տալիս, «Իսկանդեր» էլ էին տալիս», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ողջունելով անվտանգային դիվերսիֆիկացիան, մեկ այլ շեշտադրում է անում. - «Հաշվի առնելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ մենք ունենք հակառակորդի, թշնամական դեռևս իրավիճակ՝ մեր ռազմավարական գործընկերությունը ՌԴ հետ պետք է շարունակական լինի, մենք ՀԱՊԿ անդամ ենք և պետք է հատկապես լուրջ հարաբերություններ ձևավորենք մեր հարավային հարևանի՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ»։
Մեկնաբանելով առաջնորդների բրյուսելյան հետաձգված հանդիպումը՝ իշխանական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը կարծիք հայտնեց՝ Ալիևը խուսափում է արևմտյան հարթակից։ Իսկ Փաշինյանի առաջնորդած ուժը հենց այդ հարթակն է արդյունավետ համարում։
«Արևմտյան հարթակում Ալիևն իրեն շատ հարմարավետ չի զգում, և ինքը տեսնում է, թե արևմտյան հարթակում արևմտյան կոնսենսուսը որն է, այդ թվում՝ Գրանադայի հայտարարությունն է, որին ինքը արդեն իսկ մեծ հաշվով համաձայնել է, այն, որ չի գնացել, չի ներկայացել և չի ստորագրել, դա դեռ չի նշանակում, որ դրան համաձայնություն ժամանակին չի տվել, այդ թվում՝ Պրահայում։ Փորձում է խուսանավել, այստեղ մեր արևմտյան գործընկերները, կարծում եմ, մեծ անելիք ունեն մեր ոչ այդքան կառուցողական գործընկերոջը կառուցողականության դաշտ բերելու և հիշեցնելու՝ ինչի համար ենք մեր բոլորս այստեղ հավաքվել», - ասաց Ջուլհակյանը։
«Առանց Ալիևի գնալու էլ են հակահայկական որոշումներ կայացվում։ Ասում են՝ հաղթել ենք Գրանադայում, առնվազն անկլավների մասին անասելի խոցելիություն է ստեղծվել, վտանգ է առաջանում երկու միջպետական կարևորագույն ճանապարհի կորստի», - նշեց Մամիջանյանը։
Երեկ Հայաստանի արտգործնախարարն ասել էր, թե Ալիևը Բրյուսել մեկնելու ժամանակ չի գտել, նոր հանդիպման ժամկետը չի հրապարակվել։