Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ-ի երկօրյա գագաթնաժողովը, համատեղ նիստ են անցկացնում արտաքին գործերի, պաշտպանության նախարարները և անվտանգության խորհրդի քարտուղարները, վաղն արդեն կկայանա ՀԱՊԿ երկրների ղեկավարների հավաքը:
Այսօրվա նիստում քննարկվում է տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը։ Հայաստանից, սակայն, ո'չ վարչապետ Փաշինյանը, ո'չ որևէ այլ պաշտոնյա Բելառուս չի մեկնել և նիստերին չի մասնակցելու: Պաշտոնական Երևանը նախօրոք խնդրել էր նաև Հայաստանին վերաբերող հարցերը հանել օրակարգից։
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հայտնեց, որ ինքն էլ չի մասնակցելու ՀԱՊԿ-ի շրջանակներում դեկտեմբերին նախատեսված միջոցառմանը. հայկական կողմի բացատրությունը նույնն է՝ Մոսկվայի առաջնորդած ռազմական դաշինքը իր պարտավորությունները չի կատարում:
«Գնամ ի՞նչ անեմ այնտեղ, ի՞նչ պետք է քննարկենք այնտեղ: ՀԱՊԿ-ը պաշտպանողական կառույց է, որը պետք է ՀԱՊԿ երկրները պաշտպանի, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժել են երրորդ երկրի ուժեր և ՀԱՊԿ-ը նույնիսկ քաղաքական գնահատական չի տվել: Գնանք ինչի՞ համար: Ես կարծում եմ, որ հիմա հերթը ՀԱՊԿ-ինն է, ՀԱՊԿ-ի երկրները պետք է արձագանքեն», - ասաց Սիմոնյանը:
Միաժամանակ Ազգային ժողովի խոսնակն այսօր ևս մեկ անգամ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս. - «Հայաստանը չի պատրաստվում ՀԱՊԿ-ից դուրս գալ, բայց մենք մտավախություն ունենք, որ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանի Հանրապետությունից և իրենց գործողություններով, իրենց հայտարարություններով, իրենց խոսույթով ապացուցում են, որ իրոք այդ կառույցը խնդիր ունի»:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանը, սակայն, կարծում է՝ չնայած արտաքին վեկտորը չփոխելու ու ՀԱՊԿ-ից դուրս չգալու հավաստիացումներին, կառավարության գործողությունները հակառակի մասին են վկայում. սա ըստ պատգամավորի, կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ:
«Պարզ է, որ կա քաղաքականություն թե՛ վեկտորի փոփոխության, որի մասին խոսել ենք, թե՛ ընդհանրապես անվտանգային համակարգի փոփոխության, որը մեր համար խիստ վտանգավոր է այս պայմաններում դա կատարելը, որովհետև սա լուրջ խնդիր է առաջացնում, որովհետև հակամարտող կողմերն այսօր.... և այստեղ ճամբար փոխել, այս ճամբարափոխությունն իրականացնել այս պահին, սա նշանակում է՝ ինչ-որ մի խրամատում էիք, հետո պարզվի՝ էս խրամատը դուրներդ չի գալիս, կռվի ժամանակ անցնեք մյուս խրամատ: Էդ ընթացքում, բնականաբար, զոհեր կլինեն», - նշեց Ռուստամյանը:
Մոսկվան արձագանքում է ՀԱՊԿ նիստերին Հայաստանի չմասնակցելու որոշմանը
ՀԱՊԿ-ի նիստերին Հայաստանի չմասնակցելու որոշմանն այսօր անդրադարձել են Մոսկվայում։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան պնդել է, թե այս քայլը չի համապատասխանում հայ ժողովրդի շահերին: Միաժամանակ նշել է, որ Հայաստանը մտադիր չէ արգելափակել ՀԱՊԿ մարմինների աշխատանքը կամ խոչընդոտել արդեն համաձայնեցված փաստաթղթերի հաստատումը։
Անդրադառնալով հայտարարությանը, թե ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ հակառակը, ՀԱՊԿ-ն է լքել Հայաստանը, Զախարովան սա համարել է պատասխանատվությունն ուրիշի վրա գցելու փորձ: Իսկ վեկտոր չփոխելու մասին հայտարարությունները, Ռուսաստանի ԱԳՆ խոսնակի կարծիքով, Երևանի իրական մտադրությունները քողարկելու փորձ են:
«Հասկանալի է, որ խոսքը արտաքին հարաբերություններում այդ հանրապետության կողմնորոշման արմատական փոփոխության մասին է, Արևմուտքի հուշումով կամ ցուցումով, սակայն փորձ է արվում դա հնարավորինս քողարկել՝ ենթադրելով, որ այդպես հնարավոր կլինի պահպանել հատուկ հարաբերությունների և օգնության նախկին մակարդակը: Դա այնքան ակնհայտ և հասկանալի է, որ հնարավոր չէ թաքցնել տարբեր ձևակերպումների և բառերի հետևում», - ասել է Զախարովան:
Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը ևս արձագանքել է՝ հայտնելով, որ ցավում է, որ վաղվա գագաթնաժողովում հայկական կողմը բարձր մակարդակով ներկայացված չի լինի, բայց ռուսական կողմն ակնկալում է, որ Հայաստանը կշարունակի աշխատանքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում:
Հայաստանի ու դաշինքի հարաբերությունները լարված են անցած տարվանից, երբ ՀԱՊԿ-ը չարձագանքեց ռազմական օգնության մասին Երևանի դիմումին ու անգամ չդատապարտեց ադրբեջանական ներխուժումը Հայաստանի տարածք։ Այս իրադարձություններից հետո Հայաստանը հրաժարվեց իր տարածքում հյուրընկալել դաշինքի զորավարժությունը, հրաժարվեց կազմակերպությունում գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից, ապա ետ կանչեց իր դեսպանին և մինչ օրս նորին չի նշանակել։