Չնայած Հայաստանի վարչապետն ու պաշտպանության նախարարը հրաժարվել են մասնակցել Մինսկում վաղը կայանալիք ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին՝ Կրեմլը հույս է հայտնել, որ Հայաստանը կշարունակի աշխատանքը ՀԱՊԿ-ի շրջանակում։
«Անկասկած կարելի է ափսոսանք հայտնել, որ Հայաստանի բարձր մակարդակով մասնակցություն վաղվա գագաթնաժողովին չի լինի։ Մենք հուսով ենք՝ մասնակցություն կլինի աշխատանքային, փորձագիտական մակարդակով», - չորեքշաբթի օրն ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով․ - «Իհարկե մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի իր աշխատանքը կազմակերպության շրջանակում»։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտգործնախարարության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ Երևանը ներկայումս չի քննարկում ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը, սակայն Հայաստանի ներկայացուցիչները վերջին ամիսներին չեն մասնակցել կազմակերպության միջոցառումներին։ Հայաստանը նաև հետ է կանչել ՀԱՊԿ-ում իր դեսպանին և նորին չի նշանակել։