Մատչելիության հղումներ

Արցախում «ամբողջությամբ կամ մասնակի Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 8 թանգարան»


Լուսավորչի հիմնած 4-րդ դարի Ամարասի վանական համալիրը, որտեղ մաշտոցյան առաջին դպրոցն է, որտեղ սուրբ Գրիգորիսի դամբարանն է, ընկավ սեպտեմբերի 19-ին
Լուսավորչի հիմնած 4-րդ դարի Ամարասի վանական համալիրը, որտեղ մաշտոցյան առաջին դպրոցն է, որտեղ սուրբ Գրիգորիսի դամբարանն է, ընկավ սեպտեմբերի 19-ին

Արցախի բնակչության բռնի տեղահանության հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 8 թանգարան, հաղորդում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդը:

Ըստ խորհրդի նախնական տվյալների՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Շուշիում և Հադրութի շրջաններում Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել ևս 10 թանգարաններ՝ 17 հազար 70 ցուցանմուշներով և արվեստի գործերի 8 հավաքածու՝ 1077 ցուցանմուշներով:

Օրերս ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 42–րդ նստաշրջանին արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա շրջափակումը, հումանիտար ճգնաժամը, լայնածավալ ռազմական հարձակումը հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի բնիկ ողջ հայ բնակչության բռնի տեղահանմանը և էթնիկ զտմանը՝ ստիպելով նրանց լքել իրենց տները՝ հետևում թողնելով սրբավայրերը և հազարամյա մշակութային ու կրոնական ժառանգությունը։

Արտգործնախարարը շեշտել էր, որ Արցախում մնացած մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը վանդալիզմից և թալանից շատ կարևոր է։

Արձագանքելով՝ Բաքուն հայտարարել էր թե, «Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում գտնվող պատմական և կրոնական հուշարձանները հանդիսանում են Ադրբեջանի ազգային մշակութային ժառանգությունը և պաշտպանված են՝ անկախ իրենց ծագումից, աշխարհիկ կամ կրոնական պատկանելությունից»։ Բաքվից նաև կոչ էր արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին առաքելություն ուղարկել Հայաստան՝ գնահատելու Ադրբեջանի մշակութային ժառանգության ներկա վիճակը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG