Միջազգային մարմիններն ու այլ կազմակերպություններ շարունակում են կասկածի տակ դնել Ադրբեջանի կառավարության պատրաստակամությունը՝ պաշտպանելու և պահպանելու կրոնական և մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս մասին արձանագրել է Միացյալ Նահանգների Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կրոնական ազատությունների վերաբերյալ իր ամենամյա զեկույցում։ Դրա հեղինակները հիշեցնում են՝ հայկական հուշարձաններից հայկական հետքը վերացնելու մասին Բաքուն պետական մակարդակով է խոսում։
2022 թվականի փետրվարին այդ ժամանակ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել էր աշխատանքային խմբի ստեղծման մասին, որի նպատակն էր եկեղեցիներից հեռացնել Հայ Առաքելական արձանագրությունները, որոնք նա անվանել էր «կեղծ»: Ըստ ամենայնի, կառավարությունը հետ կանգնեց այդ ծրագրից միջազգային հանրության բարձրացրած աղմուկից հետո, իսկ մարտին Եվրախորհրդարանը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հայկական մշակութային ժառանգությունը ջնջելու և ժխտելու Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը, գրում են զեկույցի հեղինակները։
Զեկույցում հղում է արվում նաև Քորնելի համալսարանի Caucasus Heritage Watch հետազոտական նախաձեռնությանը, որն արբանյակային պատկերներով արձանագրել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի Սուրբ Սարգիս եկեղեցու ավերումը։ Զեկույցում Ադրբեջանն ընդգրկվել է հատուկ հսկողության տակ գտնվող երկրների ցանկում։ Այս տարվա զեկույցում Հայաստանը ներառված չէ։
Հայկական կողմը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային հուշարձանների վնասման ու քանդման մասին, մինչդեռ ադրբեջանական կողմն էլ հայերին է մեղադրում վանդալիզմի համար։
Արաբական պետությունների լիգայի օրենսդիր կառույցի՝ Արաբական խորհրդարանի նախագահ հետ օրերս Բաքվում տեղի ունեցած հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե հայերն, իբր, Ադրբեջանում «մշակութային ցեղասպանություն» են իրագործել 30 տարիների ընթացքում՝ ոչնչացվնելով մահմեդական նյութական և մշակութային ժառանգությունը, մասնավորապես, ըստ Ալիևի, Լեոռնային Ղարաբաղի տարածքում ավերվել են 67 մզկիթներից 65-ը:
Պաշտոնական տվյալներով` 2020 թվականի պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել առնվազն 1456 նշանավոր հուշարձաններ, այդ թվում՝ 161 վանքեր և եկեղեցիներ, 591 խաչքարեր: Ստեփանակերտը մեկ անգամ չէ ահազանգել այդ հուշարձանների ոչնչացման վտանգի մասին ու անհրաժեշտ համարել Արցախ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելություն գործուղումը։