Հայաստանը, շարունակելով տարբեր միջազգային հարթակներից Ադրբեջանի դեմ կեղծ «հռետորաբանությունը և զրպարտչական արշավը, խաթարում է խաղաղության համաձայնագրի հեռանկարները», ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանում արած հայտարարություններին։
«Անթույլատրելի է, որ Ադրբեջանի դեմ գրեթե 30 տարվա ռազմական ագրեսիայի ընթացքում մարդկության դեմ զանգվածային սպանություններ և հանցագործություններ իրականացրած Հայաստանը, կեղծավորաբար շարունակում է մեղադրել Ադրբեջանին հայերի «էթնիկ զտումների» մեջ, ովքեր կամավոր են գնացել Հայաստան»,- ասել է Հաջիզադեն։
Սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով, ըստ պաշտոնական Երևանի, Լեռնային Ղարաբաղում զոհվել է 200-ից ավելի զինծառայող և քաղաքացիական անձ, ԼՂ-ի գրեթե ողջ բնակչությունը՝ 100 հազարից ավելի անձ՝ բացառապես ֆիզիկապես փրկվելու անհրաժեշտությունից դրդված լքել է Արցախը։
Միրզոյանը երեկ միջազգային ամբիոնից կրկին շեշտել է՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա շրջափակումը, հումանիտար ճգնաժամը, լայնածավալ ռազմական հարձակումն ու խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների անխտրական թիրախավորումը հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի բնիկ ողջ հայ բնակչության բռնի տեղահանմանը և էթնիկ զտմանը` ստիպելով նրանց լքել իրենց տները՝ հետևում թողնելով սրբավայրերը և հազարամյա մշակութային ու կրոնական ժառանգությունը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև կարևորել է Արցախում մնացած մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը վանդալիզմից և թալանից։
«Անհիմն» որակելով Միրզոյանի այս հայտարարությունը՝ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղարը նշել է․ - «Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում գտնվող պատմական և կրոնական հուշարձանները հանդիսանում են Ադրբեջանի ազգային մշակութային ժառանգությունը և պաշտպանված են՝ անկախ իրենց ծագումից, աշխարհիկ կամ կրոնական պատկանելությունից»։