Մատչելիության հղումներ

«ԵՄ երկարաժամկետ առաքելության տեղակայումը հանդիսանում է ԵՄ կարևոր ներգրավվածություն մեր տարածաշրջանում». Միրզոյան


Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից անմիջապես հետո Եվրամիության դիտորդների գործուղումը Հայաստան-Ադրբեջան միջազգային սահմանի հայկական կողմ և հետագայում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայումը հանդիսանում է ԵՄ կարևոր ներգրավվածություն մեր տարածաշրջանում, այսօր Բուխարեստում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք գնահատում ենք Ռումինիայի արժեքավոր ներդրումը ԵՄ համապատասխան քննարկումներում», - ՀՀ ԱԳՆ լրատվական վարչության փոխանցմամբ՝ ասել է Միրզոյանը ռումինացի գործընկեր Բոգդան Աուրեսկուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Հունվարի վերջին Եվրամիությունը հավանություն է տվել Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը, պաշտոնական Բրյուսելի համոզմամբ, «կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»: Եվրամիության 100 դիտորդները Հայաստան ժամանեցին փետրվարի վերջից։ Առաքելության մանդատը երկու տարի է, օպերատիվ շտաբը Հայաստանում է։ Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայվում է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը և Ադրբեջանը քանիցս պաշտոնական հայտարարություններում ցույց են տվել իրենց բացասական դիրքորոշումը տվյալ հարցում:

Նախարարների հանդիպմանը հաջորդած ասուլիսում Միրզոյանը հայտնել է, որ անդրադարձել են Հարավային Կովկասում վերջին զարգացումներին. - «Ես ներկայացրի գործընկերոջս այն գոյաբանական մարտահրավերները, որոնք սպառնում են և Հայաստանի Հանրապետությանը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Ցավոք, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերը հասցեագրելու վերաբերյալ միջազգային հանրության կոչերին Ադրբեջանը պատասխանում է 2022թ. դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի արգելափակմամբ, ահաբեկումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայությանն իրենց տները հարկադրաբար լքելուն դրդող այլ գործողություններով ու էթնիկ զտումների համակարգված քաղաքականությամբ»:

Միջազգային կառույցների թիրախային կոչերի և պահանջների շարքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Ադրբեջանի դեմ Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումը:

«Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության միակ բացահայտ խախտումը չէ։ Չկա հայտարարության գրեթե մի դրույթ, որը խախտված չլինի Ադրբեջանի կողմից։ Հայ ռազմագերիներին շարունակաբար պատանդառության մեջ պահելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցքի պահանջների հետ մեկտեղ, Ադրբեջանը չի ապահովում «ներքին տեղահանված անձինք և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո», - ընդգծել է Միրզոյանը՝ շարունակելով. - «Ավելին, Ադրբեջանը շարունակում է ամենաբարձր մակարդակով հնչեցնել իր ատելության խոսքը և ռազմատենչ հռետորաբանությունը, ինչպես նաև տեղում համակարգված ագրեսիվ գործողություններ իրականացնել և օկուպացված պահել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի շուրջ 150 քկմ»:

«Մենք կարծում ենք, որ մեր գործընկերները, միջազգային հանրությունը կարևոր դերակատարում ունեն, որը հնարավոր է իրականացնել՝ օգտագործելով համապատասխան գործիքներն ու մեխանիզմները, այդ թվում՝ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելով Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ», - հայտարարել է նախարարը:

«Հայաստանը բազմիցս հայտարարել է Ադրբեջանի հետ կառուցողական երկխոսություն վարելու իր պատրաստակամության մասին՝ ատելության խոսքից, նախապայմաններից և ռազմատենչ հռետորաբանությունից զերծ միջավայրում՝ հանուն Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման։ Հայաստանն ունի ամուր քաղաքական կամք տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար, և չնայած բոլոր դժվարություններին մենք բարեխղճորեն շարունակում ենք բանակցություններն Ադրբեջանի հետ», - ասել է Արարատ Միրզոյանը:

Ռումինիայի Սենատի գործող նախագահ Ալինա-Շտեֆանիա Գորգիուի հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի: Բացի այդ, Միրզոյանը բարձր է գնահատել Ռումինիայի իշխանությունների կողմից հայկական մշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքը։

XS
SM
MD
LG