Մատչելիության հղումներ

Բաքուն հայտարարում է, թե «հասել է իր նպատակներին», սակայն Երևանից դեռ պահանջներ ունի


Վաղը Ստեփանակերտում ու այլ քաղաքներում նախատեսված զորահանդեսին ընդառաջ Բաքուն հաղթական հայտարարություն է տարածել՝ պնդելով՝ 2020-ից ի վեր հասել է իր նպատակներին ու վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Միաժամանակ, պաշտոնական հայտարարությունն ընդգծել է՝ Բաքուն Երևանից դեռ ստանալիք ունի:

«Հայաստանը մերժել է վերադարձնել ադրբեջանական 8 գյուղեր, որոնք մինչ այժմ օկուպացիայի տակ են», - ասված է հայտարարության մեջ։

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի համաձայն՝ ղարաբաղյան առաջին պատերազմից հետո հայկական կողմը «օկուպացրել է Ղազախի շրջանի յոթ գյուղերն ու մեկ գյուղ Նախիջևանի Սադարակի շրջանում»:

Երևանից հակադարձում են, թե հայկական կողմն էլ 90-ականներից օկուպացված տարածքներ ունի Ադրբեջանում։

«Մենք էլ մեր հերթին ասում ենք, որ մենք էլ 8 գյուղերի խնդիր ունենք, որովհետև նույն Տավուշի մարզում մենք ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ Բերքաբեր գյուղում, Այգեհովիտ գյուղում, Վազաշեն գյուղում, Պառավաքար գյուղում, այլ տարածքներում նույնպես», - ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անցած ամիս Հանրայինին տված հարցազրույցում ու նաև դրանից առաջ վարչապետը հայտարարել էր՝ հայկական կողմն առաջարկում է այդ տարածքները փոխանակել, փաստացի՝ համաձայնել, որ Հայաստանի վերահսկողության տակ անցածը մնա Հայաստանին, Ադրբեջանն էլ տնօրինի հայկական տարածքները։

Բաքուն, սակայն, շարունակաբար ու նաև այսօրվա հայտարարությամբ ընդգծում է, թե այդ տարբերակին համաձայն չէ։ Չբացահայտելով Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մանրամասները՝ Ադրբեջանն այսօր հորդորել է Երևանին արդար ու կառուցողական լինել և ճիշտ ըմբռնել տարածաշրջանային իրողությունները։

«Հայկական կողմը պետք է վերջապես գիտակցի, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն», - շեշտել է Բաքուն։

Սրան զուգահեռ երեկ հաղոդվեց, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը Ղարաբաղում տեղակայված զինտեխնիկան ուղարկել է Ռուսաստան, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ պլանային նորոգման համար։ Ըստ Պաշտպանության նախարարության՝ վերահսկման համակարգի օպտիմալացման շրջանակում փակվել է նաև Շուշիի մուտքի մոտ տեղակայված դիտակետը։ Ադրբեջանական լրատվամիջոցների կադրերում երևում է՝ ինչպես են խաղաղապահներն իջեցնում Ռուսաստանի դրոշը՝ թողնելով միայն ադրբեջանականները:

Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 19-ից՝ Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակումից ու Արցախի գրեթե ամբողջական հայաթափումից հետո ռուսական կողմը խաղաղապահների 10 մշտական և 16 ժամանակավոր դիտակետ է փակել։ Նրանց վերջնական ճակատագիրը, սակայն, դեռ հստակ չէ։

XS
SM
MD
LG