Մատչելիության հղումներ

Մոսկվայից կրկին հայտարարում են՝ հայ-ադրբեջանական կարգավորումը հնարավոր է, եթե չմիջամտեն ոչ տարածաշրջանային երկրները


Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշև
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, թե հայ-ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն, եթե դրան չմիջամտեն ոչ տարածաշրջանային երկրները։

«Պրակտիկան է դա ցույց տալիս: Արևմտյան երկրների գործողությունները հրահրում են տարածաշրջանում իրավիճակի դեգրադացիա և նպաստում են հակասությունների պահպանմանը», - ասել է Պատրուշևը՝ ելույթ ունենալով ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը:

Մինչդեռ Ռուսաստանը, ըստ Պատրուշևի, հետևողական քայլեր է ձեռնարկում, որ Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր կնքեն, տեղի ունենա սահմանազատում, բացվեն տրանսպորտային հաղորդակցությունները:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսաուղերձ է հղել հանդիպման մասնակիցներին, մասնավորապես, շեշտելով, որ որոշ երկրներ փորձում են խաթարել լեգիտիմ իշխանությունը, ավանդական արժեքները և, ընդհանուր առմամբ, իրավիճակը ԱՊՀ երկրներում։

Գլոբալ անկայունությունը ներազդում է նաև Եվրասիայի վրա, ըստ ՏԱՍՍ-ի, ընդգծել է Պուտինը՝ շեշտելով՝ որոշ երկրների գործողություններն ուղղակիորեն ուղղված են ԱՊՀ երկրներում սոցիալական կայունությունը, ավանդական արժեքները, համագործակցության և մշակութային կապերը խաթարելուն։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ ԱՊՀ երկրների համար սովորական սպառնալիքները մնում են՝ ահաբեկչությունն ու կազմակերպված հանցավորությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և անօրինական միգրացիան, արմատականությունն ու ծայրահեղականությունը, ինչպես նաև ռիսկերը տնտեսական, տեղեկատվական, տեխնոլոգիական և կենսաբանական անվտանգության ոլորտում։

«Այս ամենը պահանջում է ոչ միայն համակարգված կոլեկտիվ արձագանք, այլ նաև մեծ կանխարգելիչ աշխատանք: Մասնավորապես, կարևոր է լիարժեք օգտագործել անվտանգության խորհուրդների կանխատեսումը, տեղեկատվական և վերլուծական ներուժը», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը՝ վստահություն հայտնելով, ո Անվտանգության խորհուրդների միջև համագործակցությունը կշարունակի ծառայել ԱՊՀ երկրների կայունության և անվտանգության ամրապնդմանը։

Մոսկվայում անցկացվող հավաքին չի մասնակցում Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Երևանը պատճառը չի նշել, Պատրուշևը միայն հայտնել է, որ այսօրվա հանդիպմանը Հայաստանը ներկայացնում է Ռուսաստանում դեսպան Վաղարշակ Հարությունյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG