Մատչելիության հղումներ

Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին կրկին անդրադարձել է և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը


ԱԽ Արմեն Գրիգորյանն ընդունել է Միացյալ Նահանգների Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյին
ԱԽ Արմեն Գրիգորյանն ընդունել է Միացյալ Նահանգների Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյին

Մոսկվայում ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը չմասնակցեց։ Ռուսաստանի մայրաքաղաք մեկնելու փոխարեն Երևանում Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Միացյալ Նահանգների Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյին:

Հաղորդագրության մեջ նշված է, որ անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:


Մոսկվայում անցկացվող հավաքին չմասնակցելու պատճառներ Անվտանգության խորհրդից չեն բացահայտել։ Խորհրդի խոսնակը «Արմենպրես»-ին միայն չմասնակցելու տեղեկությունը փոխանցելուց հետո երկու օր է՝ զանգերի չի պատասխանում: Իսկ թե ով է Հայաստանը ներկայացնում ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը, այսօր հայտնի դարձավ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի ելույթից։ Նա նշել է, որ Մոսկվայի հանդիպմանը Հայաստանը ներկայացնում է Ռուսաստանում դեսպան Վաղարշակ Հարությունյանը:

Մինչ Երևանում Արմեն Գրիգորյանը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն էր քննարկում, նույն հարցին անդրադարձ է եղել նաև Մոսկվայում: Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, թե հայ-ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն, եթե դրան չմիջամտեն ոչ տարածաշրջանային երկրները։

«Պրակտիկան է դա ցույց տալիս: Արևմտյան երկրների գործողությունները հրահրում են տարածաշրջանում իրավիճակի դեգրադացիա և նպաստում են հակասությունների պահպանմանը», - ասել է Պատրուշևը՝ ելույթ ունենալով ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը:

Նա հավելել է, որ Ռուսաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում, որ Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր կնքեն, տեղի ունենա սահմանազատում, բացվեն տրանսպորտային հաղորդակցությունները: Տարածաշրջանն ապակայունացնելու այլ երկրների մասին խոսել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր տեսաուղերձում։


«Գլոբալ անկայունությունը նաև Եվրասիայի վրա է տարածվում: Ավելին՝ որոշ երկրների գործողություններ ուղղակիորեն ուղղված են ԱՊՀ երկրներում լեգիտիմ իշխանությունը, սոցիալական կայունությունը և ավանդական արժեքները թուլացնելուն, մեր ավանդական սերտ առևտրային, համագործակցության և մշակութային կապերը խաթարելուն», - ասել է նա:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն իր հերթին նշել է, որ «Հարավային Կովկասում լարվածության թուլացմանն ուղղված որոշման նախագիծը, որ անցած տարվա նոյեմբերին չընդունվեց, շարունակում է ուժի մեջ մնալ և կարող է ընդունվել, եթե կոնսենսուս լինի»:

Վերջին շրջանում հայ-ռուսական լարվածության պայմաններում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարվում են մասնակցել Ռուսաստանի առաջնորդած կառույցների հանիդպումներին։ Վարչապետն Փաշինյանն այս տարի ԱՊՀ գագաթնաժողովին չգնաց, պաշտպանության նախարարը՝ ՀԱՊԿ ու ԱՊՀ պաշտոնակիցների հավաքին։ Հայաստանը չմասնակցեց նաև ՀԱՊԿ զորավարժություններին:

Երկու շաբաթից՝ նոյեմբերի 23-ին, Մինսկում կայանալու է ՀԱՊԿ Կոլեկտիվ անվտանգության խոհրհրդի հերթական նիստը։ Արդյոք Փաշինյանը մասնակցելու է այդ նիստին՝ դեռ հայտնի չէ. Կառավարությունից «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ վարչապետի բոլոր այցերի մասին աշխատակազմը ժամանակին տրամադրում է պատշաճ տեղեկատվություն:

Արմեն Գրիգորյանի՝ Մոսկվա չմեկնելը վերջին շրջանի իրադարձությունների տրամաբանության մեջ է. քաղաքագետ

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն ասում է՝ Արմեն Գրիգորյանի՝ Մոսկվա չմեկնելը անակնկալ չէր. - «Դա մեծ հաշվով վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների տրամաբանության մեջ է, և Արմեն Գրիգորյանը մեծ հաշվով այդ նոր գծի հիմնական դեմքերից մեկն է, այդ գիծը կարելի է անվանել Ռուսաստանից դիստանցավորվելու փորձեր, Արևմուտքի հետ շփումների հաճախականացում։ Կարծում եմ նաև՝ Գրիգորյանն արդեն իսկ ինչ-որ անձնական մակարդակում խնդիրներ ունի և ռուսաստանից գործընկերների հետ, և մասնավորապես ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի հետ, և դա ևս հավելյալ խնդիրներ է ստեղծում»։


Իսկ արդյոք ռուսական նախաձեռնություններից խուսափելը, չմասնակցելը կարող է հետևանքներ ունենալ Հայաստանի համար: Քաղաքագետն ասում է՝ նայած թե որտեղ են Ռուսաստանի կարմիր գծերը, առայժմ կարծես դիմակայությունը դեռ քարոզչական մակարդակում է։

«Այս փուլում կան հայտարարություններ, կա քարոզչական պատերազմ, կան ինչ-որ նախազգուշական քայլեր, հիշում ենք, որ շաբաթներ առաջ Վրաստան-Ռուսաստանին կանգնեցվել էր կոնյակի խմբաքանակը, և դա վստահաբար քաղաքական ուղերձ էր Երևանից, որ եթե հանկարծ ավելի կտրուկ քայլերի դիմեք, հետևանքները առաջին հերթին լինելու են տնտեսական, բայց ոչ միայն տնտեսական, և այս փուլում կարծես թե, Երևանը դեռևս այդ կարմիր գծերը չի հատուկ Ռուսաստանի», - ասաց նա։


Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության թեմային այսօր անդրադարձել է նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ, նշելով, որ Միացյալ Նահանգների համար այդ հարցը շարունակում է մնալ առաջնահերթություն և հաստատելով, որ հայ- ադրբեջանական բանակցությունների հաջորդ փուլը Վաշինգտոնում անցկացնելու առաջարկը ուժի մեջ է: Այդուհանդերձ, առաջնորդների երկու տապալված հանդիպումներից հետո նոր բանակցությունների մասին չի հաղորդվել։

XS
SM
MD
LG