Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 9, երեք տարի անց. ինչպես փոխվեց Երևանի դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում


Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն առցանց ստորագրում են եռակողմ հայտարարությունը, 9-ը նոյեմբերի, 2023թ.
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն առցանց ստորագրում են եռակողմ հայտարարությունը, 9-ը նոյեմբերի, 2023թ.

«Արցախում կա՛ ապագա, Արցախում ապագա կա՛». - Հայաստանի վարչապետի այս հավաստիացումից և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից ուղիղ երեք տարի անց Լեռնային Ղարաբաղում գրեթե հայ չկա, Արցախն էլ ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ է: Այս տարիներին Հայաստանի իշխանությունը մի քանի անգամ փոխեց դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում:

Եռակողմ հայտարարության ստորագրումից երեք օր անց Նիկոլ Փաշինյանը դիմեց ժողովրդին՝ պնդելով, թե այդ փաստաթղթով Լեռնային Ղարաբաղի հարցի բովանդակային լուծում նախատեսված չէ, հետևապես Արցախի կարգավիճակի վերջնական կարգավորումը Հայաստանի բացարձակ առաջնահերթությունն է, իսկ հայկական կողմի դիրքորոշումը նույնն է, ինչ նախապատերազմյան փուլում՝ հասնել Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման:

«Արցախի միջազգային ճանաչման համար հիմա կան ավելի ծանրակշիռ փաստարկներ», - հայտարարեց վարչապետը:

«Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է։ Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ», - ֆեյսբուքյան իր էջում գրել էր Փաշինյանը զինադադարի ստորագրումից մոտ մեկ շաբաթ անց։

Այդ օրերին ընդդիմադիր քաղաքական ուժերը նրան մեղադրում էին կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելու համար, իսկ Երևանի փողոցներում հազարավոր քաղաքացիներ պահանջում էին Փաշինյանի հրաժարականը: Ի պատասխան, իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պնդում էր՝ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի «անջատում հանուն փրկության» բանաձևով:

2021 թվականի ապրիլին Կառավարության ծրագրի քննարկմանը Հայաստանի վարչապետը անգամ հայտարարում էր Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի մասին. - «Եվ ես ուզում եմ ընդգծել, որ մենք քաղաքական հարց, որպես քաղաքական և ոչ թե որպես ռազմական հարց՝ ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա, որպես բանակցային հարց, այո՛, պետք է դնենք Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի տարածքի դեօկուպացիայի խնդիրը»:

Հետագայում այս դրույթն ընդգրկվեց նաև «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրում, որը, սակայն, ընտրություններից հետո կուսակցությունն անաղմուկ խմբագրեց։

Ընտրություններից առաջ Փաշինյանը նաև հայտարարում էր՝ հազարավոր զինվորներ պատերազմում զոհվեցին, որ մենք կարողանանք հայտարարել՝ Ղարաբաղի հարցը կա և չի փակվել:

«Ուզում եմ՝ մենք այսօր մեր բարձր ծափերով հավաստենք, որ անմնացորդ նվիրված ենք Արցախի մեր եղբայրներին ու քույրերին, մեր նվիրական երազանքներին և Արցախի խնդրի արդարացի կարգավորմանը, ինչպես նախորդ ելույթում առիթ եմ ունեցել ասելու՝ «անջատում հանուն փրկության» բանաձևի շրջանակում», - վստահեցնում էր Հայաստանի վարչապետը:

Վերընտրվելուց հետո արդեն Փաշինյանը ներկայացրեց Կառավարության նոր ծրագիրը, որում դեօկուպացիայի մասին խոսք չկար։ Առաջիկա հինգ տարիների գլխավոր խնդիրների շարքում, սակայն, գրված էր՝ հասնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորմանը:

«Համանախագահները փաստել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ, և հարցի համապարփակ և տևական կարգավորումը պետք է տեղի ունենա կողմերին հայտնի սկզբունքների հիման վրա: Այդ սկզբունքները, հիշեցնեմ, հետևյալն են. ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն», - հայտարարեց վարչապետը:

Այդ օրը Փաշինյանը վստահեցրեց, թե Հայաստանը պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակում, և սպասում է կոնկրետ առաջարկների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ։ Համանախագահների հետ բանակցություններ, սակայն, այդպես էլ չեղան։ Նախ Ալիևը պնդեց, թե հարցը լուծել է ու միջնորդների կարիքը չունի,իսկ ավելի ուշ, երբ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, դադարեցին համագործակցել նաև համանախագահող երկրները:

Այդ ֆոնին հռետորաբանությունը փոխեց նաև Փաշինյանը՝ 44-օրյա պատերազմից մեկուկես տարի անց օրակարգ բերելով նոր թեզ. - «Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ»:

Այդպես էլ պարզ չդարձավ, թե միջազգային հանրությունից ովքեր էին նման ուղերձ հղել և դրա դիմաց ինչ կոնսոլիդացիա էին խոստացել: Բայց այդ շրջանում Հայաստանի բանակցողներն ինքնորոշումից այլևս չէին խոսում, փոխարենը պնդում էին՝ պետք է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները և դրանից բխեցնել կարգավիճակը:

Ադրբեջանը մերժեց նաև այս օրակարգը, իսկ արդեն 2022-ի սեպտեմբերին՝ Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումից շաբաթներ անց, Պրահայում Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Տևական ժամանակ հստակ չէր ասվում՝ արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում:

«Մենք հստակ ասել ենք, որ դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթացը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացը հստակ տարանջատված են իրարից: Սա մեր դիրքորոշումն է և, ըստ էության, այն արձանագրումն է, որը մենք արել ենք», - ասաց վարչապետը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Ալիևը Բաքվից պահանջում էր՝ եթե Փաշինյանն ասել է Ա-ն, պետք է Բ-ն էլ ասի ու ընդունի, որ Ղարաբաղն Ադրբեջան է: Կես տարի չանցած Փաշինյանը նաև այդ մասին հայտարարեց. - «86,6 հազար քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավուքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու - Ստեփանակերտ ֆորմատում»:

Այս հարցով ևս Երևանը բանակցային գործընթացում առաջընթացի չհասավ: Բաքուն պնդեց՝ Ղարաբաղի հայերն իր քաղաքացիներն են, որոնց հետ խոսելու համար միջազգային միջնորդներ պետք չեն: Զուգահեռ՝ փակվեց Լաչինի միջանցքը: Գրեթե ամեն շաբաթ Կառավարության նիստերին վարչապետ Փաշինյանը պնդում էր՝ Ադրբեջանը էթնիկ զտումների ու ցեղասպանության է պատրաստվում. - «Ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ Լեռնային Ղարաբաղի հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, կրկին փակել միջանցքը և հետո կրկին մի քանի օրով բացել։ Եվ այսպես այնքան, մինչև վերջին հայը կլքի Լեռնային Ղարաբաղը։ Սա իհարկե էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է»։

Արցախի լիակատար շրջափակման ամիսներին Երևանը մերժում էր Լաչինի միջանցքի շուրջ բանակցությունները, պնդելով, թե խնդիրը պետք է կարգավորվի արդեն իսկ ստորագրված նոյեմբերի 9-ի փաստաթղթով։ Զուգահեռ` պահանջում, որ Ղարաբաղ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկվի, սակայն դա էլ իրականություն չդարձավ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հրավիրված երկու նիստերի արդյունքում որևէ բանաձև կամ հայտարարություն չընդունվեց։

Երևանը պնդում էր՝ տարաձայնությունները պետք է կարգավորվեն Բաքու - Ստեփանակերտ ուղիղ երկխոսությամբ:

«Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև պետք է սկսվի քաղաքական խոսակցություն, և Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերները պետք է հնարավորություն չտան, որ որևէ մեկը նրանց մեղադրի կառուցողական խոսակցությունը խափանելու կամ անհնար դարձնելու մեջ», - հայտարարեց վարչապետ Փաշինյանը:

Սեպտեմբերի 19-ին մեկնարկած ռազմական հարձակումը 24 ժամ էլ չտևեց՝ Արցախի իշխանությունը ստիպված եղավ ընդունել Ադրբեջանի ներկայացրած հրադադարը, որն, ըստ էության բերեց Արցախի լիարժեք հայաթափման:

Վերջին երեք տարում բանակցային տրամաբանությունը պարբերաբար փոխած Հայաստանի իշխանությունը Արցախի լուծարման համար մեղադրում է Լեռնային Ղարաբաղի իշխանությանը՝ վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ, որը չնայած 44-օրյա պատերազմից հետո արձանագրված իրողություններին, Արցախի շրջափակմանն ու աշխարհաքաղաքական իրադրությանը՝ այդպես էլ չհրաժարվեց ինքնորոշման իրավունքի օրակարգից:

Արցախի հայաթափումից հետո Հայաստանի իշխանությունը, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը, Լեռնային Ղարաբաղի հարցով որևէ դիրքորոշում չի հայտնել: Վարչապետի հրապարակային ելույթները հիմնականում վերաբերում են Հայաստան տեղափոխված արցախցիների սոցիալական խնդիրներին, մինչդեռ նրանց վերադարձի, իրավունքների և անվտանգության ապահովման հարցերը մնում են մշուշոտ:

Ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած պարտությունից հետո Հայաստանի վարչապետը մեկ անգամ չի, որ խոսել է իրենից առաջ՝ նախկինների օրոք, բանակցային գործընթացում թույլ տրված սխալների, ծուղակների, կարգավորման վատ առաջարկների ու սկզբունքների մասին, որոնց ծանոթանալով, սակայն, հենց ինքն էր հեղափոխությունից հետո հայտարարել՝ «Արցախը Հայաստան է և վե՛րջ»:

«Հիմա էն, ինչ որ ես ասում եմ, և էն, ինչ որ ես անում եմ, գուցե ուշացումով փորձում եմ ասել և անել էն, ինչ որ պիտի ասեի ու անեի 2020 թվից առաջ», - հայտարարում է Նիկոլ Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG