Մատչելիության հղումներ

«Մարտի 1-ը» բացահայտված է, բայց մեղավորները դեռևս պատժված չեն»․ Փաշինյան


«Մարտի 1-ը» բացահայտված է, բայց մեղավորները դեռևս պատժված չեն, այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Մարտի 1-ի» զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը։

Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ, գործադիրի ղեկավարը պատասխանել է՝ «ամենտարբեր պատճառներով, այդ թվում՝ իրավական մի շարք որոշումների»։

«Այն, որ մինչև հիմա «Մարտի 1-ի» մարդասպանները հայտնաբերված չեն, դա չի նշանակում, որ այդպես չի լինի։ Մանավանդ՝ ամենամեծ խնդիրը հետևյալն է, կամ մեծ խնդիրներից մեկը, որ նաև քրեական գործի վարույթներով է հիմնավորվել, ապացուցվել, որ նախաքննությունը 2008 թվականի մարտի 1-ից անմիջապես հետո ոչ միայն ամբողջ ջանքերը չի գործադրել, որպեսզի տեղի ունեցած հանցագործությունը բացահայտվի, այլև բոլոր հնարավոր ջանքերը գործադրվել են, որպեսզի բացահայտումը դժվար լինի կամ անհնար դառնա»,- ասել է վարչապետը։

«Մարտի 1-ի» զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
«Մարտի 1-ի» զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը

Փաշինյանը հիշեցրել է՝ քրեական գործով պարզվել է, որ դեպքի վայրից հայտնաբերված պարկուճների մի մասը փոխվել է։

«Պատկերացնել կարելի է, թե այս ամենն ինչ հետևանքներ է բերում։ Բայց դա կապ չունի իմ, համենայն դեպս էնքանով, որքանով ես կարող եմ դիրքորոշում արտահայտել իրավապահ մարմինների վերաբերյալ, իմ դիրքորոշումն այն է, որ լիարժեք և ամբողջական մենք պետք է հասնենք բացահայտմանը։ Դա մեր օրակարգից դուրս չի եկել», - ասաց Փաշինյանը։

Վարչապետն իշխանության մյուս ներկայացուցիչների հետ այսօր առավոտյան մասնակցում էր «Մարտի 1-ի» զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը։

Այսօր լրանում է մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 15-րդ տարին։

XS
SM
MD
LG