Մատչելիության հղումներ

Մարտի մեկի բախումներում որդուն կորցրած հայրը կարծում է, որ նաև մյուս մեղադրյալները կազատվեն պատասխանատվությունից


Մարտի 1-ի հետընտրական արյունալի իրադարձությունների ժամանակ որդուն կորցրած Վաչագան Ֆարմանյանը տեղյակ չէր, որ իրավապահները դադարեցրել են այս գործով մեղադրյալ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և բարձրաստիճան ևս երեք նախկին ոստիկանների քրեական հետապնդումը՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։ Ընդ որում, քրեական հետապնդումը դադարեցնելու դիմում իրավապահներին Ալիկ Սարգսյանը գրել է անցած հունիսին և ըստ դրա ազատվել պատժից։

«Ես Ձեզանից առաջին անգամ լսում եմ: Շատ վատ է, ո՞վ է մեղավոր՝ կարո՞ղ ա ես ու դու ենք մեղավոր», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Քրեական հետապնդումից ազատվել են նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հայկ Միլիտոնյանը, նրա տեղակալ Հովհաննես Թամամյանն ու նախկին փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանը։ Չորսն էլ մեղադրվում էին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և հանցագործությունը պարտակելու համար: Ալիկ Սարգսյանն այսօր հրաժարվեց զրուցել «Ազատության» հետ, մյուսների հետ կապ հաստատել չհաջողվեց։

«Բա ի՞նչ ասեն, աս՞ն, որ մենք կոծկում ենք Մարտի մեկը, մենք փակում ենք Մարտի մեկի էջը, ինչպես դասականն էր ասում ժամանակին», - ասում է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը:

Հարցին, թե ինչո՞ւ ավելի արագ չեն քննել գործը՝ ըստ նրա, պատասխանեց. «Որպեսզի վաղեմության ժամկետը լրանար, և այդ մարդիկ ազատվեին պատասխանատվությունից: Այսինքն՝ իրենք խնդիր չունեն Մարտի մեկով գործ քննելու և մարդկանց բերելու պատասխանատվության»:

Մարտի մեկի գործին նոր թափ հաղորդած իշխանությունները ժամանակին մեծ աղմուկով էին հայտարարում յուրաքանչյուր մեղադրյալի մասին, բայց նրանց պատասխանատվությունից ազատելը անաղմուկ անցավ, նկատում է առաջին նախագահի առաջնորդած Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը. «2008 թվականից գիտեինք՝ ովքեր են արել, բայց դրան պետք է իրավական գնահատականը տրվեր, քրեաիրավական գնահատական տրվեր, և դա պիտի ունենար հետևանք՝ սանկցիա պիտի ունենար»:

Մինչ իրավապահները դադարեցնում են մեղադրյալների հետապնդումը՝ այդպիսով նրանց ազատելով պատժից, իշխանությունները շարունակում են պնդել՝ Մարտի մեկը բացահայտված է։

«Բոլոր հնարավոր ջանքերը գործադրվել են, որպեսզի բացահայտումը կամ դժվար լինի, կամ անհնար դառնա», - երկու օր առաջ՝ Մարտի 1-ի տասը զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը հայտարարել էր վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը, որ դեռ հինգ տարի առաջ էր հայտարարում, թե Մարտի մեկի գործը բացահայտված է, հիմա մայրաքաղաքի կենտրոնում կատարված սպանությունների գործի ձգձգման խնդիրները կապում է նախկին իշխանությունների հետ. «Օրինակ, էստեղից հավաքված պարկուճները հետագայում քրեական գործի շրջանակներում փոխվել են, եղած իրական պարկուճները փոխարինվել են այլ պարկուճներով, և այսպիսի բազմաթիվ դեպքեր»։

«Չկա Մարտի մեկի քննություն, ու այդ Մարտի մեկի անգամ ֆորմալ թղթի վրա եղած մի էջանոց եթե մի բան էլ կա, ինքը մատնված է անգործության», - նշում է ՀԱԿ անդամը:

Վաղեմության ժամկետը օրենքի պահանջն է, երբ հանցագործությունը կատարելու պահից որոշ ժամանակ անց մեղադրյալն ազատվում է քրեական հետապնդումից, բայց չի արդարացվում։ Մեղադրյայը, սակայն, կարող է չհամաձայնել վաղեմության ժամկետի կիրառմանը, փոխարենը գնալ դատարան՝ ապացուցելու իր անմեղությունը, օրենքն է պարզաբանում Կոնգրեսւ ներկայացուցիչը։ Մինչդեռ այս դեպքում թե մեղքը չընդունող Ալիկ Սարգսյանն ու թե մյուսները համաձայնել են, որ գործը փակվի։

«Եթե այդ մարդիկ իսկապես Մարտի մեկի հետ որևէ առնչություն չունեն կամ իրենք առաջադրված մեղադրանքների հետ առնչություն չունեն, իրենք պիտի գնային դատարան ու ապացուցեին, որ իրենք... Ես, իհարկե, գիտեմ՝ ինչ են ասելու իրենք, ասելու են՝ դե նիկոլական դատարան ա, պարզ չի՝ ի՞նչ ավարտ պիտի ունենա: Բայց թող գնար, փորձեր, հետո էլ գնար եվրոպական դատարան», - հավելեց Խաչատրյանը:

Մարտի 1-ի գործով այլ մեղադրյալներ էլ կան՝ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ոստիկանության նախկին շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը, Մարտի մեկի գործի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը և այլք։ Նրանց մեծ մասը հետախուզվում է։

Որդուն հետընտրական բախումներում կորցրած Վաչագան Ֆարմանյանը կարծում է, որ Ալիկ Սարգսյանի ու մյուսները շարքերը շուտով կհամալրեն նաև այս նախկին պաշտոնյաները։ Գլխավոր դատախազությունից օրերս «Ազատությանը» հայտնել էին՝ նախաքննություն է ընթանում, որի վրա բացասական ազդեցություն ունի ժամանակը՝ բարդացել, որոշ դեպքերում անհնարին է դարձել տասը զոհերի մահվան ու այլ հանգամանքների պատշաճ ապացուցումը, նոր ապացույցների ձեռքբերումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG