«Երկրում սահմանել արդարադատության նոր ստանդարտ, իսկ կոռուպցիայի դեմ պայքարում բացառել նախկին ու ներկա տրամաբանությունը», - դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով դատախազության ենթակայությամբ ստեղծված ապօրինի գույքի բռնագանձման համակարգին, վարչապետն ասաց՝ դա արդարության զգացման շատ կարևոր բաղադրիչ է:
«Այդ մեխանիզմը սկսել է գործել, իհարկե, դեռ արդյունքները առջևում են, բայց ես համոզված եմ, որ նաև մեր միջազգային գործընկերների աջակցությամբ մենք այս ոլորտում կկարողանանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ակնկալիքներն օրենքի գերակայության պայմաններում ապահովել, որովհետև արդարության զգացման շատ կարևոր բաղադրիչ է», - ընդգծեց Փաշինյանը:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունումից 3 տարի անց դեռ մեկ վճիռ կա։ Թեև դատախազության վերջին տվյալներով՝ ապօրինի գույքի 3 տասնյակից ավելի գործ է ուղարկվել դատարան, ավելի քան 450 միլիոն դոլարի պահանջով, այդուհանդերձ որևէ հայտնի անուններից մեկին առնչվող որևէ գործով դեռ դատավճիռ չկա։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի կարծիքով՝ արդարադատության բնագավառում հաջողությունները պետք է հանրությանը տեսանելի լինեն, ոչ թե վարչապետին ու իշխանությանը, իսկ այստեղ, ըստ նրա, իրական դժգոհություններ կան։ Ինքն էլ որպես իրավապաշտպան հեղափոխության օրերին ոգևորված է եղել, բայց՝ «փոփոխություններ, որոնց բախվելուց մենք կարող էինք ասել, լավ, ոչինչ, 5 տարին սրա համար էլ էր բավարար, չկան»:
«Ցանկացած քրեական գործ, որ ընթանում է, փաստաբանների հետ, եթե խոսեք կտեսնեք ինչ վիճակ է, Մարտի 1-ի գործը. դա չափիչ է, որով մենք կարող ենք ասել՝ ունենք ինչ-որ բան, թե չունենք: 5 տարի անընդհատ խոստումներ տալն արդարացված չի՝ և՛ արդարադատության բնագավառով, և՛ ձեռք բերված գույքի հետ կապված: Մարդիկ հասցնում են շատ ավելի արագ ապօրինի գույքեր ձեռք բերել, յուրացնել, նույնիսկ օտարել, բայց որևէ գործ հանգուցալուծման չի հասնում», - ասաց իրավապաշտպանը:
Փաշինյանն այսօր դիմելով դատախազներին՝ ընդգծեց նրանց դերը կոռուպցիայի դեմ պայքարում։
«Կոռուպցիան քանդարար չարիք է յուրաքանչյուր պետության, առավել ևս Հայաստանի Հանրապետության նման մի պետության համար, որի մարտահրավերները մեզ հայտնի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառով երբեմն կրկնապատկվում են, երբեմն՝ եռապատկվում: կոռուպցիայի դեմ պայքարը պիտի շարունակի մնալ Հայաստանի և՛ քաղաքական, և՛ դատաիրավական, և՛ օրենսդիր, և՛ մամուլի համար առաջնահերթ խնդիր: Երբեք չենք ունեցել և չենք ունենալու միտում կոռուպցիան տարբերակելու նախկին կամ ներկա տրամաբանությամբ», - ասաց վարչապետը:
Իրավապաշտպաններն էլ հիշեցնում են, օրինակ, կոռուպցիոն տարբեր քրեական գործերով անցնող ու հետախուզման մեջ գտնվող քանի՞ պաշտոնյա է ՀՀ վերադարձվել, նրանցից քանի՞սն են ճաղերի հետևում։ Թեև անազատության մեջ այս պահին նաև այս իշխանության օրոք տարբեր պաշտոններ զբաղեցրած մարդիկ կան, բայց Վարդան Հարությունյանի պնդմամբ՝ ամենակոռումպացված պետություններն անգամ կոռուպիցայի դեմ պայքարի մասին հայտարարում են ամեն օր։
«Կոռուպցիայի դեմ պայքարն այն մակարդակի չի, որ մակարդակի պետք է լիներ: Գոնե խոստումների մակարդակից մի քիչ հասներ իրենց խոստացածների մակարդակին», - ընդգծեց իրավապաշտպանը:
Ժաննա Ալեքսանյանը որպես իրավապաշտպան, վարչապետի այսօրվա հայտարարությունները համարում է մակերեսային։ Իրավապաշտպանն ասում է՝ դատախազներին ու առհասարակ իրավապահներին ուղղված ոչ մի պահանջ ինքը չլսեց։ Ընդգծեց՝ այդ դահլիճում էր Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը, որին ՀԱԿ նախկին ակտիվիստը մեղադրում է իրեն բռնության ենթարկելու մեջ:
«Որևէ պահանջի նշույլ գոյություն չուներ իր ելույթի մեջ, էդ բռնություններն ո՞վ պետք է բացահայտեր, դատախազությունը չէ՞: Ալենը թքեց, ասաց՝ մարդ է, հիմա Քյարամյանը խոշտանգեց, երևի զրուցում են իրար հետ, որ՝ ինքն էլ է մարդ, էլ մարդ գոյություն չունի էս երկրում: Կոռուպցիայի մասին ոչ մի լավ բան չեմ կարող ասել. բանակում ոնց կար, տենց էլ մնացել է: Ես չեմ տեսնում ինչ-որ ճիգեր փոխելու, ու այսպես թեթև, մակերեսային վերաբերմունք է», - նշեց Ալեքսանյանը: