Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս ողջունել է Գազայի հատվածից վիրավոր և հիվանդ բնակիչներին ընդունելու Եգիպտոսի որոշումը։
«Մենք համագործակցում ենք Եգիպտոսի առողջապահության նախարարության հետ բժշկական տարհանման պլանավորման հարցում և կշարունակենք աջակցություն ցուցաբերել», - ասել է Գեբրեյսուսը:
Հակամարտության վերջին լարումից հետո երեկ առաջին անգամ Եգիպտոսի և Գազայի միջև «Ռաֆահ» անցակետը բացվեց վիրավոր պաղեստինցիների, օտարերկրացիների ու երկքաղաքացիություն ունեցող անձանց համար։
Ընդգծելով, որ Գազայում հազարավոր հիվանդներ, որոնց հնարավոր չէ տեղափոխել, բժշկական օգնության կարիք ունեն՝ Գեբրեյսուսը X-ի իր էջում կոչ է արել՝ անհապաղ արագացնել Գազա բժշկական օգնության հոսքը՝ նաև շեշտելով՝ հիվանդանոցները պետք է պաշտպանված լինեն ռմբակոծություններից։
Ըստ ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի՝ երեքշաբթի օրը «Ռաֆահ» անցակետով հումանիտար օգնության 59 բեռնատար է մտել Գազա՝ տեղափոխելով ջուր, սնունդ և դեղորայք։
Այնուամենայնիվ, բժշկական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ վառելիքի ներմուծումը շարունակում է արգելված մնալ, ասված է հայտարարությունում։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ «Գազա մտնող օգնության ծավալը անհամաչափ է Գազայի խաղաղ բնակիչների թվի համեմատ, որոնք թակարդում են սաստկացող մարտերում»:
Իսրայելը հրթիռակոծում ու հրետակոծում է Գազայի հատվածը հոկտեմբերի 7-ից ի վեր, երբ «Համաս»-ի զինյալները ներխուժեցին իսրայելական բնակավայրեր։