Իսրայելի բանակը շարունակում է ցամաքային գործողությունը Գազայի հատվածի հյուսիսում։ Իսրայելի զինվորականները հայտնում են, որ տասնյակ ահաբեկիչներ են ոչնչացվել, որոնք դիրքավորվել էին շենքերում և թունելներում։
Իսրայելական ստորաբաժանումները Գազայի հատված են մտել անցած ուրբաթ ու աստիճանաբար առաջ են շարժվում։ «Ֆրանս Պրես»-ը հաղորդում է, որ իսրայելական զրահամեքենաներ են նկատվել կենտրոնական Գազա քաղաքի արվարձանների մոտ։ «Ռոյթերս»-ը հայտնում է, որ իսրայելական ուժերը քաղաքին մոտենում են երկու կողմից։ Ինտերնետում լուսանկարներ են հրապարակվել, որտեղ զրահատեխնիկան ու բուլդուզերները փակել են Գազայի հատվածի հյուսիսը հարավին կապող հիմնական ճանապարհը։
Իսրայելի բանակի մամուլի խոսնակ Դանիել Հագարին հրաժարվել է ցամաքային գործողության տեղանքի մանրամասներ հայտնել, բայց հաստատել է, որ ռազմական գործողությունը ընդլայնվում է։
«Վերջին օրվա ընթացքում մենք ընդլայնեցինք ակտիվությունը Գազայի հատվածում և լրացուցիչ ուժեր՝ հետևակ, զրահատեխնիկա, ինժեներական ու հրետանային ստորաբաժանումներ մտան Գազայի հատված։ Ցամաքային ու օդուժի համակարգված հարձակումներով անցած գիշերը սպանվել են տասնյակ զինյալներ, որոնք դիրքավորվել էին շենքերում՝ փորձելով սպանել իրենց ուղղությամբ շարժվող ուժերին»,- հոկտեմբերի 30-ի բրիֆինգում հայտնել է Իսրայելի բանակի մամուլի խոսնակը, նշելով, որ հարձակողական գործողությունները կընդլայնվեն ու կուժեղանան։
Ցամաքային գործողությանը զուգահեռ Իսրայելը Գազայի հատվածի հյուսիսային շրջանի բնակիչներին ու հիվանդանոցներին կրկին կոչ է արել տարհանվել դեպի հարավ, որտեղ իրավիճակը համեմատաբար անվտանգ է։ Իսրայելի զինվորականները պնդում են, որ «Համաս»-ի ահաբեկիչները խաղաղ բնակիչներին որպես վահան են օգտագործում, թաքնվում են հիվանդանոցների տարածքում։
Սակայն, տարհանումը այդքան հեշտ չէ։ Պաղեստինցի փախստականների և աշխատանքի կազմակերպման գծով ՄԱԿ-ի Մերձավոր Արևելյան բաժանմունքի (UNRWA) տնօրեն Թոմաս Ուայթը հաստատել է բժիշկների ու բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների գնահատականները, որ հիվանդանոցների պացիենտներին հնարավոր չէ տարհանել։
«Հյուսիսում շատերը ապաստան են փնտրում ՄԱԿ-ի հովանավորած դպրոցներում, ինչպես նաև հիվանդանոցներում։ Այս շաբաթ ես եղել եմ հիվանդանոցներից մեկում, այնտեղ հարյուրավոր պացիենտներ կան, որոնց հնարավոր չէ տեղափոխել»,- ասել է նա։
Ենթադրվում է, որ Գազայի AL-Quds հիվանդանոցում հիվանդներից բացի, 14 հազար մարդ է պատսպարվում։ Առողջապահական մեկ այլ հաստատության՝ Al-Shifa հիվանդանոցի բժիշկ Մարվան Աբուսադը երեկ ասել է, որ 55 հազար ներքին տեղահանվածներ ապաստանել են հիվանդանոցի շենքում՝ զբաղեցնելով հիվանդանոցի յուրաքանչուր քառակուսի մետրը։ Գազայի հյուսիսում նաև «Թուրքական բարեկամության հիվանդանոց» կա։ ՄԱԿ-ի հումանիտար օգնության գրասենյակի (OCHA) տվյալներով՝ հիվանդանոցներում հազարավոր բուժաշխատողների ու հիվանդների հետ մեկտեղ ապաստանում են շուրջ 117 հազար քաղաքացիներ։
Ռազմական գործողությունների պատճառով Գազայի հատվածում հարյուր հազարավոր ներքին տեղահանվածներ կան։ Մի մասը շարժվել է դեպի հարավ, որտեղ վրանային ճամբարներ են առաջացել։ Չնայած Իսրայելը հարվածում է նաև հարավում տեղակայված «Համաս»-ի օբյեկտներին, այնուհանդերձ հարավում իրավիճակը համեմատաբար ապահով է, ու նաև հումանիտար օգնություն ստանալու հնարավորություն կա։ Եգիպտոսի հետ սահմանային անցակետից արդեն ինը օր հումանիտար օգնություն է մտնում Գազայի հատված։
Կիրակի օրը ամենամեծ խմբաքանակն է մուտք գործել՝ 33 բեռնատար։ Հոկտեմբերի 21-ից սկսած, երբ թույլատրվեց հումանիտար օգնությունը, մինչև հիմա 117 բեռնատար է մտել Գազայի հատված, բայց դա շատ քիչ է համարվում՝ ավելի քան 2 միլիոն բնակչության կենսական կարիքները բավարարելու համար։ Նախօրեին մարդիկ ներխուժել էին ՄԱԿ-ի օգնության պահեստները սննդամթերք գտնելու համար։
Ցամաքային գործողությունից բացի Իսրայելը շարունակում է ավիահարվածներն ու հրետակոծությունները։ Գազայի հատվածի առողջապահական գերատեսչությունն այսօր ասել է, որ արդեն ավելի քան 8 հազար 300 մարդ է զոհվել։ Գազայի հատվածից հաղորդվող տվյալները անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։ Իսկ իսրայելական կողմը հաղորդել էր 1400 զոհի մասին։
Հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի հարձակման օրը իսրայելական կողմում շատ մարդիկ էին զոհվել սահմանից ոչ հեռու անցկացվող բացօթյա երաժշտական փառատոնում։ Ահաբեկիչները նաև փառատոնի մասնակիցներ էին առևանգել։ Իսրայելի արտգործնախարարությունը այսօր հաստատեց նրանից մեկի՝ 23-ամյա աղջկա՝ Շանի Լուկայի մահը։ Պաշտոնապես հաղորդվեց, որ նրա մարմինը հայտնաբերվել է, ինքնությունը պարզվել։ Նա երկքաղաքացի էր, Իսրայելի և Գերմանիայի քաղաքացիություն ուներ։
Իսրայելի զինվորականների հայտնած վերջին տվյալների համաձայն՝ «Համաս»-ի ահաբեկիչները 239 մարդ են առևանգել ու պատանդ են պահում։
Իսրայելի ու «Համաս»-ի միջև հակամարտությունը ընդլայնվելու մտավախությունը դեռ պահպանվում է, մասնավորապես Լիբանանի հետ սահմանին, որտեղ Իրանի կողմից հովանավորվող «Հեզբոլա»-ի զինյալների ու Իսրայելի բանակի միջև փոխհրաձգություններ են տեղի ունենում։
Միացյալ Նահանգները Իրանին ու տարածաշրջանի խմբավորումներին զգուշացրել է զերծ մնալ հակամարտությունը ընդլայնելու փորձերից։