Մատչելիության հղումներ

Իսրայելի բանակը պաղեստինցիներին կոչ է անում ապաստանել Գազայի հարավում


Գազան օդային հարվածներից հետո, 25 հոկտեմբերի, 2023թ.
Գազան օդային հարվածներից հետո, 25 հոկտեմբերի, 2023թ.

«Գնացեք հարավ, այնտեղ կա օգնություն, դեղորայք, ջուր»

Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի պաղեստինցիներին կոչ է անում անհապաղ տեղափոխվել հատվածի հարավային մաս և ապաստանել այնտեղ, խոստանալով, որ պատերազմի ավարտից հետո բոլորը կկարողանան վերադառնալ իրենց տներ:

Կոչը հասցեագրվում է նախևառաջ Գազա քաղաքի բնակիչներին: «Գնացեք հարավ, այնտեղ կա մարդասիրական օգնություն, դեղորայք և ջուր»,- ասել է բանակի խոսնակ, փոխծովակալ Դանիել Հագարին:

Հրամանատարները հավատացնում են, որ պատրաստ են սկսել ցամաքային գործողությունը և միայն պետության քաղաքական ղեկավարների հրամանին են սպասում:

«Հրահանգները գալիս են մեկ կենտրոնից՝ Իրանից»

Փոխծովակալը հայտարարել է, որ տարածաշրջանում՝ Եմենում, Իրաքում և Լիբանանում, զինյալներն իրենց հրահանգները Թեհրանից են ստանում: Նրա խոսքով, դրա մասին են վկայում իսրայելցիների և ամերիկացիների համատեղ մշտադիտարկման արդյունքները:

«Իրանը պատերազմից առաջ ուղղակիորեն է օգնել «Համաս»-ին՝ վարժանքներով, զենքի մատակարարումով, փողով, տեխնոլոգիաներով: Եվ նույնիսկ այս պահին է շարունակվում իրանական օգնությունը «Համաս»-ին՝ հետախուզական տվյալների տրամադրմամբ, հրահրելով, ամբողջ աշխարհում Իսրայելի պետության դեմ լուտանքներ տարածելով: Մերձավոր Արևելքում Իրանի գործակալներն աշխատում են Իրաքում, Եմենում և Լիբանանում: Հրահանգները գալիս են մեկ կենտրոնից՝ Իրանից»,- ասել է Հագարին:

Փոխծովակալի խոսքով, պետք է բացահայտել բոլոր նրանց, ովքեր «Համաս»-ին, «Իսլամական պետությանը» և նման այլ հանցագործներին դրդում են ապակայունացնել Մերձավոր Արևելքը:

«Տեսեք՝ անմեղ մարդիկ են կոտորվել»

Գազայում այս օրերին իսկապես անտանելի պայմաններ են: Օդային գրոհները սաստկանում են։

«Մենք տանն էինք, մեկ էլ մեզ վրա թափվեցին ռումբերը, դա մեկ հրթիռ չէր, դրանք շատ էին: Նման բան երբևէ չէր եղել: Տեսեք, ոչինչ չի մնացել, զոհվել են, անմեղ մարդիկ են կոտորվել, երեխաներ, կանայք, սա է Իսրայելի նպատակը՝ սպանել անմեղ կանանց և երեխաներին»,- ասել է Գազայի բնակիչ Խեդր Օդեհը:

Մարդկանց երբեմն նաև փրկում են: Աբու Աքվայի ընտանիքը օդային հարվածից հետո մնացել է ավերակների տակ: Առաջին հարցը, որըն Աբու Աքվան տվել է փրկարարներին, սա է՝ «Կինս, Ահմեդը, Հալան, Ամոլան, ո՞ղջ են»:

«Այո, բոլորին հանեցինք, բոլորը լավ են, դու մնացիր, հիմա էլ քեզ դուրս կհանենք», - պատասխանել է փրկարարը:

Զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 8 հազարին

Բայց ոչ բոլորի բախտն է բերում: Պաղեստինյան առողջապահական կառույցների տվյալներով, հոկտեմբերի 7-ին մեկնարկած պատերազմի ընթացքում այսօրվա դրությամբ սպանվել է առնվազն 6546 մարդ, այդ թվում՝ 2704 երեխա, 1584 կին և 364 տարեց, վիրավորվել է ավելի քան 17 հազար 430 բնակիչ:

Իսրայելցիների զոհերի թիվը մոտ 1400 է, բացի այդ, կա ավելի քան 200 իսրայելցի պատանդ: Միջազգային լիդերները քննարկում են պատերազմն արագ ավարտելու հնարավորությունները:

Երեկվանից Մերձավոր Արևելքում է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն, ով այսօր Կահիրեում հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի հետ:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում գերտերությունները մեկ-մեկու բանաձևերն են մերժում: Իսկ Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենն ի նշան բողոքի երեկ ասել է, թե չի հանդիպի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, քանի որ ՄԱԿ-ը միանշանակ և անվերապահորեեն չի դատապարտում «Համաս»-ի գործողությունները:

Իսրայելի գործողությունը՝ «հոգեկան հիվանդների արարք»

Ակտիվացնում են ջանքերը նաև տարածաշրջանային տերությունները: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, թե «Համաս»-ը չի համարվում ահաբեկչական կազմակերպություն, քանի որ ընդամենը պաշտպանում է պաղեստինցիներին:

«Նրանք ոչ թե ահաբեկիչների, այլ պաղեստինյան հողն ազատագրողների խումբ են»,- ասել է Էրդողանն ու ավելացրել, որ չեղարկում է Իսրայել կատարելիք բարի կամքի այցը:

Էրդողանն այսօր խորհրդարանում Իսրայելի գործողություններն անվանել է հոգեկան հիվանդների արարք:

Այս հայտարարությունն անխուսափելիորեն նոր ճգնաժամ կառաջացնի թուրք-իսրայելյան հարաբերություններում, սակայն Իսրայելի լիդերներին գոնե այս պահին դա քիչ է անհանգստացնում:

Ավելի հրատապ է ուրվագծվող վտանգը՝ Լիբանանում դիրքավորված «Հըզբոլլահի» դեմ երկրորդ ճակատի հնարավոր բացումը:

Դա չափազանց ծանր կացություն կստեղծի հրեական պետության համար, թեպետ բանակը հավատացնում է, որ պատրաստ է դիմագրավել նաև այդ մարտահրավերը:

XS
SM
MD
LG