Թուրքիան Իսրայելին պատերազմի հանցագործ կհայտարարի և դա կանի ողջ միջազգային հանրության աչքի առաջ։ Այդ մասին այսօր Ստամբուլում՝ Պաղեստինի հետ համերաշխության բազմամարդ հավաքում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մենք արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ: Քանի՞ երեխա և կին դեռ պետք է մեռնի, յուրաքանչյուր երկիր ունի ինքնապաշտպանության իրավունք, բայց որտե՞ղ է արդարությունը, իսկական ջարդ է տեղի ունեցել Գազայում, նրանք ուզում են զանգվածաբար ոչնչացնել Գազայի ժողովրդին՝ զրկելով սննդից, ջրից, վառելիքից»,- ընդգծել է Էրդողանը:
Նա Իսրայելին անվանել է «զավթիչ» և կրկնել, որ «Համաս» շարժումն ահաբեկչական կազմակերպություն չէ։
«Որտե՞ղ էին Պաղեստինի և Գազայի սահմանները 1947 թվականին, որտե՞ղ են դրանք հիմա, Իսրայել, դուք օկուպանտ եք, խումբ, ոչ թե պետություն, թուրք ազգը դա գիտի, եթե Արևմուտքը ձեզ ինչ-որ բան է պարտական, ապա մենք պարտական չենք: Երբ ես ասացի, որ «Համաս»-ն ահաբեկչական կազմակերպություն չէ, դա անհանգստություն առաջացրեց Իսրայելում: Մենք գիտեինք, թե ինչ արձագանք կլինի, մենք բացահայտ և հստակ արտահայտեցինք մեր դիրքորոշումը», - հայտարարել է Էրդողանը։
Նրա փոխանցմամբ, Պաղեստինի հետ համերաշխության ցույցին մասնակցել է մոտ մեկևկես միլիոն մարդ: Միջոցառման կազմակերպիչներն ավելի վաղ հայտնել էին, թե մասնակիցների թիվը կարող է հասնել երկու միլիոնի:
Իսրայելն Էրդողանի այդ հայտարարություններից հետո որոշել է Թուրքիայից հետ կանչել իր դիվանագետներին՝ «վերագնահատելու երկկողմ հարաբերությունները»: