Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին X սոցիալական ցանցում գրառմամբ դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ զգուշացնելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից բխող սպառնալիքների մասին:
Նշելով, որ Փաշինյանն իշխանության է եկել «ժողովրդական ելույթների, այսինքն, Պուտինի տերմինաբանությամբ՝ գունավոր հեղափոխության արդյունքում», Վրաստանի երրորդ նախագահը վստահեցում է՝ «նա երբեք չի ներել և չի ներելու Ձեզ»: «Առավել ևս Ձեր վերջին հայտարարություններից, քաղաքական քայլերից և հատկապես Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո նա Ձեր թշնամին է արյամբ և ջանալու է Ձեզ տապալել իր ունեցած բոլոր հնարավորություններով՝ ներքին անկարգություններով, ռազմական գործողությունների խրախուսմամբ», - գրում է Սաակաշվիլին:
Նշելով, թե Փաշինյանը քիչ ժամանակ ունի, Վրաստանի երրորդ նախագահը շարունակում է. - «Որքան էլ դժվար լինի Ձեզ համար, Հայաստանի շուրջ վերջին իրադարձությունները մեր տարածաշրջանին նոր շանս են տալիս: Որոշ ժամանակ անց մենք կարող ենք ապրել ինչպես երեք Բալթյան երկրները [...]: Բայց դրա համար Դուք պետք է շտապեք և դեն նետեք ցանկացած տատանում, գնաք վա-բանկ: Պետք է պահանջեք ռուսական ռազմակայանի անհապաղ դուրսբերում, դուրս գաք ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, մաքսային միությունից և հայտ ներկայացնեք Եվրամիություն ու ՆԱՏՕ»:
«Եվ վերջապես՝ Դուք պետք է հայտարարեք և անմիջապես խաղաղ պայմանագիր ստորագրեք Ադրբեջանի հետ ու դրանով իսկ ճանապարհ բացեք Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ հիմնարար փոփոխությունների համար», - գրում է Միխեիլ Սաակաշվիլին:
«Հուսով եմ՝ Դուք թույլ չեք տա Պուտինին ոչնչացնել Ձեզ և միաժամանակ ավերել Ձեր երկիրն ու վերջնականապես խարխլել մեր տարածաշրջանը», - գրում է Վրաստանի նախկին նախագահը:
8-ամյա բացակայությունից հետո ժամանելով Վրաստան՝ Միխեիլ Սաակաշվիլին 2021 թվականի հոկտեմբերի 1-ին ձերբակալվել է իր դեմ հարուցված մի շարք քրեական գործերի շրջանակում։ Նրա դեմ վրացական դատարանների կողմից կայացված և օրինական ուժ ստացած երկու դատավճիռ կա։ Միաժամանակ, Սաակաշվիլին մեղադրյալ է ևս մի քանի քրեական գործերով։ 2022 թվականի մայիսի 12-ից Վրաստանի նախկին նախագահը բուժվում է «Վիվամեդ» կլինիկայում` գտնվելով անազատության մեջ: