Վրաստանի կառավարությունը բազմիցս առաջարկել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ընտանիքին ցանկացած օտարերկրյա բժիշկ հրավիրել «Վիվամեդ» կլինիկա՝ տեղում բուժվելու համար, սակայն վերջերս տեղի ունեցած միջադեպը կասկածի տակ դրեց լեհ բժիշկների ողջ առաքելությունը, լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Լեհ բժշկի այս գաղտնի գործողությունները լիովին վարկաբեկեցին Թբիլիսի ժամանած լեհ բժիշկների առաքելությունը՝ Սաակաշվիլիին հետազոտելու համար, ուստի մենք կվերանայենք լեհ բժիշկների հետ համագործակցության մեր մոտեցումը»,- ասել է Ղարիբաշվիլին։
Միաժամանակ նա նշել է, որ Սաակաշվիլիի ընտանիքին ուղղված առաջարկը՝ Թբիլիսի բերել ցանկացած օտարերկրյա բժշկի՝ տեղում բուժվելու համար, մնում է ուժի մեջ։
Վարչապետը ևս մեկ անգամ հայտարարել է, որ արտերկրում Սաակաշվիլիի բուժման մասին խոսք լինել չի կարող։
Վրաստանի քրեակատարողական ծառայությունը օրեր առաջ հայտնեց, որ Լեհաստանի բժիշկների խումբն այցելել է կալանքի տակ գտնվող Վրաստանի նախկին նախագահին, որն առողջական վիճակի պատճառով «Վիվամեդ» հիվանդանոցում է։ Արտասահմանցի բժիշկների այցը պարզապես տեսակցություն չէր հիվանդին։ Նրանք եկել էին ուսումնասիրելու Սաակաշվիլիի առողջական վիճակը։
Քրեակատարողական հիմնարկը հայտնեց, որ բժիշկներից մեկը փորձել է Սաակաշվիլիից վերցված նմուշները, ոչ պաշտոնական լուրերի համաձայն՝ եղունգների ու մազերի, դուրս հանել կոշիկի մեջ թաքցրած։ Քրեակատարողական հիմնարկը միջադեպի կադրեր է հրապարակել։ Վրաստանի արդարադատության նախարար Ռատա Բրեգվաձեն հաջորդ օրն ասել է, թե լեհ բժիշկը խոստովանել է, որ նմուշները թղթի մեջ փաթաթելով դրել է գուլպայի մեջ։
Վրաստանում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Արտգործնախարարություն։