Մատչելիության հղումներ

Վրաստանի պետանվտանգությունը հայտարարում է, թե երկրում արտերկրի ֆինանսավորմամբ հեղաշրջում է նախապատրաստվում


Վրաստանում արտերկրից ֆինանսավորմամբ հեղաշրջում է նախապատրաստվում, այսօր հայտարարել է երկրի պետանվտանգության ծառայությունը։

«Ստացված տեղեկատվության համաձայն՝ մի խումբ անձինք, որ գործում են ինչպես Վրաստանի տարածքում, այնպես էլ դրա տարածքից դուրս, այս տարվա հոկտեմբեր – դեկտեմբեր ամիսներին Վրաստանում ծրագրում են քաղաքացիական անկարգություններ և իրավիճակի ապակայունացում, որոնց վերջնական նպատակը բռնի կերպով իշխանափոխությունն է», - նշել է կառույցը։


Ըստ Պետանվտանգության ծառայության՝ հենց այդ ժամանակ սպասվում է Վրաստանի՝ Եվրամիության անդամության թեկնածու դառնալու վերաբերյալ Եվրահանձնաժողովի զեկույցը։ Հեղաշրջման հեղինակները հույս ունեն, որ եզրակացությունը բացասական կլինի, իրենք կկարողանան ռուսամետության մեջ մեղադրել գործող իշխանություններին և պարարտ հող ստեղծել ընդվզման և հետագա անկարգությունների համար։

Վրաստանի պետական անվտանգության ծառայության տարածած հայտարարության համաձայն՝ հեղաշրջման փորձի կազմակերպիչները նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մերձավորներն են՝ Գերորգի Լորթքիփանիձեն, ով Սակաշվիլիի նախագահության ժամանակ եղել է ներքին գործերի փոխնախարար, իսկ այժմ ուկրաինական ռազմական հետախուզության ղեկավարի տեղակալն է, Սաակաշվիլիի նախկին թիկնապահ Միխայիլ Բատուրինը և Ուկրաինայում Վրացական լեգիոնի հրամանատար Մամուկա Մամուլաշվիլին։

Ըստ հայտարարության՝ հեղաշրջոմը օտարերկրյա համակարգմամբ և ֆինանսավորմամբ է պլանավորվում։ Թե որ երկրի, չի հստակեցվում։ Կանխատեսվող իրադարձություններում օգտագործվելու են Ուկրաինայում կռվող վրացիներն ու հատուկ պատրաստություն անցնող վրացի երիտասարդությունը, կազմակերպիչները փորձելու են իրագործել 2014 թվականի ուկրաինական եվրամայդանի սցենարը՝ վրանային ավան տեղադրել, սադրանք կազմակերպել պայթյունի տեսքով, բախումներ հրահրել, նշված է հայտարարության մեջ։

Սա առաջին անգամը չէ, որ Վրաստանի իշխանությունները այժմ բանտարկության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրում են հեղաշրջում կազմակերպելու համար։

Սաակաշվիլիի հիմնադրած Ազգային միացյալ շարժում կուսակցությունը հերքել է բոլոր մեղադրանքները հեղաշրջում կազմակերպելու վերաբերյալ և հայտարարել, որ այս կերպ իշխանությունները հանրությանը նախապատրաստում են փաստին, որ Եվրամիությունը մերժելու է թեկնածուի կարգավիճակ տալ Վրաստանի ռուսամետ իշխանություներին։

Կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլին ասել է, որ այս հայտարարությամբ վրացական պետանվտանգության ծառայությունը ապացուցում է իր կապը ռուսական ФСБ -ի (Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայություն) հետ, իսկ բուն հայտարարությունն արվում է նաև սլաքները Վրաստանի նախկին գլխավոր դատախազ, ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում հայտնված Օթար Պարցխալաձեից հեռացնելու և նրան «փրկելու» համար։

Չնայած այս աղմկոտ հայտարարությանը՝ Վրաստանի պետանվտանգության ծառայությունը չի հայտնել քրեական գործ հարուցելու մասին և չի ներկայացրել իր հայտարարությունները հիմնավորող ապացույցներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG