Մատչելիության հղումներ

Վրացիների կեսից ավելին կողմ է, որ Սաակաշվիլին ներում ստանա


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ

Formula հեռուստաալիքի փոխանցմամբ, Edison Research կենտրոնն անցկացրել է հարցում, որի արդյունքների համաձայն՝ վրացիների ավելի քան 50 տոկոսը կողմ է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհելու գաղափարին:

Հարցումն անցկացվել է Վրաստանում 18 տարեկանից բարձր 1500 քաղաքացիների շրջանում։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից Սաակաշվիլիին ներում շնորհելուն կողմ է արտահայտվել հարցվածների 58 տոկոսը, դեմ՝ 42 տոկոսը:

Վրաստանի ընդդիմությունը բազմիցս է նախագահ Զուրաբիշվիլիին կոչ արել ներում շնորհել Սաակաշվիլիին, բայց նախագահն արձագանքել է, թե նախկին նախագահը մեղադրվում է տարբեր հոդվածներով, և եթե ներում շնորհվի այն գործերով, որոնցով արդեն դատական վճիռներ են ընդունվել, ապա իշխանությունները կարող են Սաակաշվիլիին ձերբակալել մյուս գործերով:

Բացի այդ, ըստ նախագահ Զուրաբիշվիլիի, Սահակաշվիլիի ազատ արձակումը կարող է բացասական արձագանք և պառակտումներ հարուցել Վրաստանի հասարակության մեջ, ինչը կհանգեցնի ներքաղաքական նոր ճգնաժամի:

8-ամյա բացակայությունից հետո ժամանելով Վրաստան՝ Միխեիլ Սաակաշվիլին 2021 թվականի հոկտեմբերի 1-ին ձերբակալվել է իր դեմ հարուցված մի շարք քրեական գործերի շրջանակում։ Նրա դեմ վրացական դատարանների կողմից կայացված և օրինական ուժ ստացած երկու դատավճիռ կա։ Միաժամանակ, Սաակաշվիլին մեղադրյալ է ևս մի քանի քրեական գործերով։ 2022 թվականի մայիսի 12-ից Վրաստանի նախկին նախագահը բուժվում է «Վիվամեդ» կլինիկայում՝ գտնվելով անազատության մեջ:
XS
SM
MD
LG