Մատչելիության հղումներ

Ալիևը փորձում է հետ քաշվել բանակցությունների արևմտյան հարթակից. Արուսյակ Ջուլհակյան


«Մեզ համար շատ մտահոգիչ է այն հանգամանքը, որ Ադրբեջանը՝ հենց Ալիևի շուրթերով, կարծես թե, փորձում է հետ քաշվել բանակցությունների արևմտյան հարթակից, մասնավորապես եվրոպական հարթակից», - «Ազատության» հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Այսօր կա՞ Երևանի օրակարգում արցախցիների վերադարձի հարցը՝ միջազգային մեխանիզմի ստեղծում, կամ ավելին՝ ինչպես ժամանակին ասվում էր, խաղաղության պայմանագրի պայմաններից մեկը։

Արուսյակ Ջուլհակյան. - Ես կարծում եմ, որ դրա մասին այս պահին խոսելը շատ վաղ է, այս պահին ասելով նկատի ունեմ վերջին էթնիկ զտման ակտից հետո, որովհետև գիտեք, որ նոյեմբերի 9-ի հայտարարության կետերից մեկն է Լեռնային Ղարաբաղի հայաթափված շրջաններ հայ փախստականների վերադարձը։ Դա Շուշիին և Հադրութին էր վերաբերում, նաև չպետք է մոռանանք, որ վերջին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ նաև ԱԳ նախարարն այդ մասին խոսեց, բայց հաշվի առնելով, թե ինչպիսի պայմաններում Լեռնային Ղարաբաղի հայ գրեթե ողջ բնակչությունը, կարելի է ասել, մազապուրծ փախավ ընդամենը երեք օրվա ընթացքում իրենց պապենական հայրենիքից, այս պահին ես իրատեսական պայմաններ նրանց ես ինքս չեմ տեսնում։

Նույնիսկ մեր միջազգային գործընկերներն են խոսում այդ մասին, և այդ մասին նաև վերջին ընդունված բանաձևերն են բավականին հստակ շեշտադրումներ արել։

«Ազատություն». - Իսկ բրյուսելյան բանակցություններում արցախահայերի վերադարձը նյո՞ւթ է բանակցային, էլ չեմ ասում, պայմա՞ն խաղաղության պայմանագրի։

Արուսյակ Ջուլհակյան. - Հայաստանը բրյուսելյան հարթակում, ինչպես նաև վերջերս Գրանադայում էր արձանագրվել, պետք է խոսի իր տարածքային ամբողջականության, այսինքն՝ երկկողմ հարաբերությունների նորմալացման հնարավորությունների մասին և առաջ տանի այն երեք հիմնական կետերը, որոնք ներառվել են Գրանադայի հայտարարության մեջ։ Մենք շատ ցավում ենք, որ վերջին պահին Ադրբեջանը հրաժարվեց, իհարկե, հասկանալի պատճառներով, հրաժարվեց մասնակցել Գրանադայի հանդիպմանը, և այդ հայտարարության տակ չկա Ադրբեջանի ստորագրությունը, բայց միաժամանակ մեզ համար շատ կարևոր է, որ այդ հայտարարության տակ կան Եվրամիության, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների ստորագրությունները։ Եվ մեզ համար դա ազդակ է, որ Հայաստանը եվրոպական ընդհանուր քաղաքական ընտանիքի հետ և առհասարակ Արևմուտքի հետ ունի կոնսենսուս առ այն, որ Ադրբեջանը և Հայաստանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ պետք է իրենց հարաբերությունները կարգավորեն փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անձեռնմխելիությունը ճանաչելու սկզբունքների հիման վրա, ինչպես նաև սկսեն դելիմիտիացիայի գործընթաց հետագա դեմարկացիայով ուղեկցվող։

«Ազատություն». - Քննադատություններ կան, որ չէի՞ք հաշվարկել Ադրբեջանի ախորժակը, երբ ասում էիք, որ առաջնայինը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է։

Արուսյակ Ջուլհակյան. - Այդ քննադատությունը, կարծում եմ, անհեթեթ է, այսինքն՝ մենք երբևէ չենք ասել, որ Ադրբեջանի ախորժակը կառավարելի է։ Ոչ։ Բայց մենք պետք է ընկալելի լինենք մեր միջազգային գործընկերների համար, իսկ մեր միջազգային գործընկերների համար ակնհայտ է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է, այդ մասին է վկայում նաև Գրանադայում ընդունված հայտարարությունը, որ կա, ըստ էության, միջազգային կոնսենսուս առ այն, որ Ադրբեջանին չի ներվելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության հետագա խախտումը։

«Ազատություն». - Դուք միայն արևմտյան հարթակից եք խոսում, բայց արդյոք այդ հարցում Ալիևին օգնության չի՞ գալու Ռուսաստանը, եթե նա անգամ գնա Բրյուսել, ասում է՝ հիմա լավագույն հարթակը ռուսականն է։

Արուսյակ Ջուլհակյան. - Ցավոք, ես հիմա ստիպված եմ խոսել միայն արևմտյան հարթակի մասին, որովհետև Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին հաջորդած քննարկումներում, ցավոք, մեր ռուս գործընկերները աչքի չեն ընկել դատապարտող հայտարարություններով, այլ հակառակը՝ մենք տեսել ենք երբեմն արդարացնող հայտարարություններ, ինչը մեզ համար անընդունելի է։ Ճիշտ եք ասում, մեզ համար նույնպես շատ մտահոգիչ է այն հանգամանքը, որ Ադրբեջանը՝ հենց Ալիևի շուրթերով, կարծես թե, փորձում է հետ քաշվել բանակցությունների արևմտյան հարթակից, մասնավորապես եվրոպական հարթակից, նաև ճնշումներ գործադրելու միջոցով ստիպեն Ադրբեջանին գնալ Բրյուսել։

XS
SM
MD
LG