Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ. «Ադրբեջանը պետք է անի հնարավորը՝ ապացուցելու, որ պատրաստ է խաղաղության մեջ ապրել հարևան Հայաստանի հետ»


Լուսանկարը՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի ֆեյսբուքյան էջից

ԵԽԽՎ-ն ընդունեց Լեռնային Ղարաբաղում մարդասիրական վիճակի մասին զեկույցը:

Հոկտեմբերի 9-ից մեկնարկած և հոկտեմբերի 13-ին ավարտվող Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի օրակարգային հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծանր վիճակն է:

Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով հանձնաժողովը խորվաթ օրենսդիր Դոմագոյ Հայդուկովիչի նախագահությամբ կազմել է զեկույց, որը հոկտեմբերի 12-ին երեկոյան դրվել է քվեարկության և ընդունվել է: Միաժամանակ ընդունվել է նաև հանձնարարականների փաստաթուղթը:

Փաստաթղթի նախագծում ասվում է, որ մոտ տասն ամիս տևած շրջափակումից և սեպտեմբերի 19-ին սկսված զինված հարձակումից հետո բնակչության մոտ 99 տոկոսը՝ շուրջ 100 հազար հայեր, հեռացել են Լեռնային Ղարաբաղից:

Մինչդեռ, Ադրբեջանն ունի բոլոր բնակիչների, այդ թվում ազգային փոքրամասնության իրավունքները պաշտպանելու պարտավորություն և պատասխանատվություն: Ադրբեջանի գործողություններն էթնիկ զտումների կասկած են հարուցում: Զեկույցը կոչ է անում Ադրբեջանին ձեռնարկել անհապաղ գործողություններ և ապահովել հայ բնակչության վերադարձը: Զեկույցում նշվում է, որ իրենց հայրենիքից հայերի բռնի տեղահանումը սարսափելի հումանիտար ճգնաժամ է առաջացրել, և ընդգծվում է փախստականներին տեղավորելու գործում Հայաստանին սատարելու անհրաժեշտությունը:

ԵԽԽՎ-ն խստորեն դատապարտում է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի նախաձեռնած հարձակումը: Վեհաժողովը միաժամանակ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ դա ենթադրում է, որ Ադրբեջանն է պատասխանատվություն կրում իր սահմաններում կատարած գործողությունների համար:

Ադրբեջանն ակնհայտորեն անտեսել է Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Ադրբեջանին ուղղված միջանկյալ միջոցները, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետը, որով պարտավորվել է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով ապահովել մարդկանց և տրանսպորտային միջոցների երթևեկության և բեռների փոխադրման անվտանգությունը:

Վեհաժողովն ափսոսում է, որ ռազմական գրոհը նախաձեռնվել է այն պահին, երբ ուրվագծվել է մատակարարումների վիճակի բարելավում: Ռազմական գործողության մեկնարկը և դեպի Հայաստան մեկնումների համար միջանցքի բացումն ընկալվում է որպես նախագծված վիճակ, որը բնակիչներին պետք է դրդի հեռանալ երկրից:

Վեհաժողովը խորապես համոզված է, որ այս երկարամյա ողբերգական հակամարտությունը հնարավոր է լուծել միջազգային իրավունքի հիման վրա, միայն խաղաղ եղանակով, երկխոսության և բարի կամքի միջոցով և հարգելով այնտեղ ապրող յուրաքանչյուր մարդու իրավունքները:

Վեհաժողովը հիշեցնում է, որ Ադրբեջանն ունի ազգային փոքրամասնությունների պաշտպանության և բնակչության տեղահանման կանխարգելման միջազգային պարտավորություններ: Վեհաժողովը խորապես ցավում է, որ տարածաշրջանի գրեթե ողջ հայ բնակչությունը՝ ավելի քան 100 հազար 600 մարդիկ՝ անկեղծ վախից և անվստահությունից ելնելով, սույն բանաձևի ընդունման պահին լքել են իրենց պապենական հողերը և փախել են Հայաստան:

Վեհաժողովը համոզված է, որ գրեթե ողջ բնակչության այդ ողբերգական արտագաղթը նախնիների հայրենիքից չպետք է ընդունվի որպես նոր իրականություն: Ադրբեջանի համար դեռ ուշ չէ իրավիճակը շտկելու և իր բարի կամքն ապացուցելու համար:

Որպես Եվրախորհրդի անդամ երկիր՝ Ադրբեջանը կարող է և պետք է պատրաստակամություն և հստակ մտադրություն դրսևորի և կատարի ստանձնած պարտավորություններն ու պայմաններ ստեղծի հայերի վերադարձի համար:

Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին անել ամեն հնարավորը՝ ցույց տալու, որ պատրաստ է խաղաղության մեջ ապրել իր հարևան Հայաստանի հետ: Վեհաժողովն ակնկալում է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը լիովին կհարգեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, իրենց համապատասխան սահմանների անձեռնմխելիությունը։

Սա հատկապես կարևոր է Նախիջևանի հետ հնարավոր տրանսպորտային միջանցքի համատեքստում, որը չի կարող ստեղծվել Հայաստանի կամքին հակառակ կամ/և ի վնաս նրա ազատորեն որոշված ազգային շահերի:

Եվրախորհուրդը կարող է առաջարկել իր փորձը վստահության ամրապնդման միջոցառումների հարցում՝ նպատակ ունենալով թույլ տալ այս տարածաշրջանի հայ բնակչությանը բավականաչափ վստահ զգալ իր հայրենիք վերադառնալու և խաղաղ ու վստահելի հարաբերությունների մեջ ապրել Ադրբեջանի իշխանությունների հետ։

Վեհաժողովը գտնում է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է կանոնավոր կերպով Գլխավոր քարտուղարին և Նախարարների կոմիտեին տրամադրեն լիարժեք տեղեկատվություն իրականացրած միջոցառումների վերաբերյալ, որոնք արդեն ընդունվել են կամ ծրագրվում են՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն անվտանգ վերադարձի վստահություն տալ հայերին, պաշտպանել և ընդլայնել նրանց իրավունքները:

Եթե Ադրբեջանը չկատարի իր պարտավորությունները, Վեհաժողովը ստիպված կլինի կոչ անել Նախարարների կոմիտեին լրացուցիչ համատեղ ընթացակարգ սկսել՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից իր կանոնադրական պարտավորությունների լուրջ խախտման։

Վեհաժողովը դիմում է Գլխավոր քարտուղարին և Նախարարների կոմիտեին ամեն ինչ անել՝ հնարավորինս արագ կազմակերպելու Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելություն Ադրբեջան՝ նպատակ ունենալով գնահատել և նախանշել ձեռնարկվելիք միջոցները։

ԵԽԽՎ-ում հրատապ կարգով քննարկվել է ԼՂ հումանիտար ճգնաժամի հարցը
please wait

No media source currently available

0:00 0:03:50 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG