Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին:
«Անդրադառնալով Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունների զսպման, իսկ Ադրբեջանի կողմից դրանց բացակայության հավաստման պարագայում՝ այդ երկրի կողմից խաղաղության գործընթացում կառուցողական ներգրավվելու անհրաժեշտությունը», - ասված է ԱԳՆ լրատվականի հաղորդագրությունում։
Մտքեր են փոխանակվել նաև Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի բռնի տեղահանված հայերի համար առկա հումանիտար մարտահրավերների և իրավունքների հասցեագրման շուրջ, փոխանցում է ԱԳՆ-ը։
Միրզոյանն «ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը փաստացի ենթարկվել է էթնիկ զտման՝ ի հեճուկս միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ բազմաթիվ հասցեական կոչերի»: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ 21-րդ դարում ԼՂ ժողովրդի՝ իրենց հայրենիքից զանգվածային տեղահանման կանխման ձախողումը հերթական անգամ վկայում է նման իրավիճակներում միջազգային դերակատարների կողմից հստակ քայլերի անհրաժեշտության մասին:
Ամերիկացի դիվանագետը նախօրեին հանդիպումներ է ունեցել Բաքվում։