65-ամյա Հովհաննես Խաչատրյանն է Ադրբեջանի միգրացիոն ծառայության տարածած լուսանկարում։ Ըստ Բաքվի՝ նա Արցախում մնացել է, որ ինտեգրվի Ադրբեջանին, և ահա միգրացիոն ծառայության աշխատակիցը նրան գրանցում է։ Տղամարդու դուստրը լուսանկարը տեսել ու հանգիստը կորցրել է։
Հասմիկ Խաչատրյանի պատմելով՝ հայրը մեծ տեղահանման օրերին փորձել է հեռանալ Ստեփանակերտից, չի ստացվել. «Ինքը մոտեցել ա ավտոբուսին, տեղ չի եղել, որ գա, ասել են՝ սպասեք հաջորդին, հետո չգիտեմ, ոչ մեկի հետ կապ չենք ունեցել»:
Հովհաննես Խաչատրյանն Արցախում ոչ մի հարազատ -ազգական չունի, 24 տարի առաջ գնացել էր այնտեղ աշխատելու ու մնացել։ Ընտանիքի անդամները Արագածոտնի մարզում են ապրում, պնդում են տղամարդը հոգեկան առողջության խնդիրներ ունի, պարբերաբար բուժվել է Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնում, դեղեր է խմում, խնդրում են նրան անպայման Հայաստան բերել:
«Ես դիմել եմ, որ իմ հորը վերադարձնեն», - ասաց Հասմիկ Խաչատրյանը:
Արցախում մնացած միայնակ, անօգնական մարդկանց որոնում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները, բարձրախոսներով շրջում են բնակավայրերով։ Հայաստան տեղափոխվել ցանկացողներին՝ բերում։ Հովհաննես Խաչատրյանի դուստրը գիտի միայն այն, որ հայրը Ստեփանակերտում սեփական տներից մեկում էր ապրում։ Կարմիր խաչից ասում են՝ իրենց թիմերը տեղում են, աշխատում են:
«Հարցը շարունակում է գտնվել մեր ուշադրության կենտրոնում, թիմերն աշխատում են տեղերում, դիմումների հիման վրա փորձում են տեղայնացնել հարազատներին, որպեսզի համապատասխան աջակցություն ցուցաբերեն», - ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին:
Քանի՞ հոգի է մնացել Արցախում։ Բաքվի միգրացիոն ծառայությունը հատուկ Արցախում մնացածների համար վերաինտեգրման հարթակ է ստեղծել: Առցանց դիմումի հնարավորությունից բացի, այստեղ նաև նորություններ են հայերենով։ Գրում են՝ 13 հոգի ֆիզիկապես տեղում և 2 հոգի էլեկտրոնային եղանակով դիմել են գրանցման համար։
«Հիմնականը պետք է մնացած լինեն հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ ու տարեցներ, որոնց մեր այնտեղ գտնվելու ժամանակ չենք կարողացել ունենալ ահազանգ, գնալ հետևից ու տարհանումը կազմակերպել», - նշեց Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը:
Գեղամ Ստեփանյանն էր թիմով հարազատների ահազանգերի հետքերով շրջում միայնակ մնացածների հասցեներով, վերջին ավտոբուսը 10 օր առաջ է Ստեփանակերտից Գորիս բերել վերջին հեռացողներին։ Արցախում մնալ ցանկացողները կարող են մինչև 100 հոգի լինել՝ ըստ օմբուդսմենի։ Նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը վստահ է՝ առավելագույնը 40 հոգի կմնա ադրբեջանական իշխանության ներքո։ Հիմնականում ազգությամբ հայերը չեն:
«40-ն էլ մի գուցե չափազանցեցված թիվ է: Որոշ պաշտոնյաներ նույնիսկ ասում են՝ կարող է 40 էլ չլինել, կարող է 20-30 լինի», - ասաց Բեգլարյանը:
Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեսանյութերից մեկում դատարկված Ստեփանակերտն է, որտեղ դեռ մի քանի շաբաթ առաջ ավելի քան 50 հազար հայեր էին ապրում: ՄԱԿ-ի առաքելությունը տասն օր անց դարձյալ Արցախում է։ Ի՞նչ են անում ամայացած երկրում, տարակուսում է օմբուդսմենը. «Չկա մարդ, որի կարիքները գնահատվի, չկա մարդ, որի համար երաշխիքներ կամ իրավունքների ապահովման մեխանիզմներ որոշվի»:
Ռուս խաղաղապահների ամենօրյա տեղեկագրում էլ կյանքն Արցախում բնականոն հունով շարունակվում է՝ գրում են, որ խաղաղապահ անձնակազմը շարունակում է առաջադրանքը կատարել Լեռնային Ղարաբաղում՝ անվտանգություն և խաղաղ բնակչության մարդասիրական իրավունքներն են ապահովում։