Ազգային միասնության կառավարություն
Այսօր՝ Մերձավոր Արևելքում նոր պատերազմի չորրորդ օրն Իսրայելի քաղաքական վերնախավը կարևոր որոշում է կայացվել՝ իշխող կոալիցիայի մաս կազմող բոլոր կուսակցությունները վարչապետ Բենյամին Նեթանյահուին հանձնարարել են կազմել ազգային միասնության կառավարություն: Որոշումը միաձայն է ընդունվել:
Մինչդեռ, Գազայի հատվածի բնակիչների գլխավերևում ոռնոցով անցնում են իսրայելյան օդուժի մարտական ինքնաթիռները, ռումբերը և հրթիռներն ավերում են շենքերը: Իսրայելի հրամանատարներն ասել են, որ Գազայում լայնածավալ գործողություն են սկսել «Համաս»-ի դեմ: Արդեն ոչնչացվել են զենքի պահեստներ, հենակետ և Ջեբալիում հրամանատարական կենտրոն:
300 հազար զորակոչիկներ միանում են Իսրայելի բանակին
Ըստ վերջին տվյալների, իսրայելական կողմից մոտ 900 մարդ է զոհվել, պաղեստինցիների զոհերի թիվը մոտենում է 800-ի: Բացի այդ, ավելի քան 2740 իսրայելցի և ավելի քան 3750 պաղեստինցի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Անցած 48 ժամում Իսրայելում զորակոչվել են պահեստի 300 հազար զինծառայող: Նրանք հանդերձանք, զենք ու զինամթերք են ստանում և գործուղվում ռազմաճակատի տարբեր հատվածներ:
Ամենաթեժ ուղղությունը հարավարևմուտքում՝ Եգիպտոսի հյուսիսարևելյան շրջանի հետ սահմանակցող Գազայի հատվածն է, որտեղից անցած շաբաթ օրը վաղ առավոտյան պաղեստինցիները սկսել են հրթիռակոծել Իսրայելի տարածքը և ներխուժել են մոտակա ավաններ:
«33 տարում այսպիսի բան չեմ տեսել»
Շաբաթ օրվա առաջին թիրախներից էր Բեերիմ անվամբ փոքր բնակավայրը, որտեղ երաժշտական փառատոն էր անցնում մի քանի հարյուր մարդկանց՝ հիմնականում երիտասարդների մասնակցությամբ: Այստեղ պաղեստինցի զինյալների կրակահերթերից ավելի քան 260 մարդ է սպանվել:
«Աներևակայելի է, ի՛նչ են արել այդ մարդկանց հետ, ընտանիքների, երեխաների: Ես 33 տարի է աշխատում եմ արտակարգ իրավիճակների ծառայությունում, այսպիսի բան չեմ տեսել, դիակներ, դիակներ»,- ասել է Հարավային Իսրայելի արտակարգ իրավիճակների ծառայության պետ Յոսի Լանդաուն:
Իսրայելի քաղաքական և զինվորական ղեկավարները խոստացել են ամենակոշտ միջոցներով արձագանքել պաղեստինցիների հարձակմանը: «Ներում չի լինի, ահաբեկիչները կոչնչացվեն», - սա է Իսրայելի այսօրվա կարգախոսը:
Լիբանանի հետ սահմանին էլ լարվածություն է
Լարվածության մյուս շրջանն Իսրայելի հյուսիսի և Լիբանանի հարավի սահմանն է, այստեղ տասնամյակների ընթացքում լայնածավալ բախումներ են եղել, Իսրայելի բանակը բազմիցս է հատել սահմանը և հարվածներ հասցրել Լիբանանում դիրքավորված «Հըզբոլլահ» շիա մահմեդականների ռազմական հենակետերին:
Այդ կառույցն աջակցություն է ստանում Իրանից և մերժում է Իսրայելի գոյության իրավունքը:
«Իմ երեխաներն ի՞նչ են արել»
Գազայում իսրայելցիների հարվածներից նախևառաջ շարքային մարդիկ են տուժում:
Գազան շրջափակման մեջ է, կենսական անհրաժեշտության, այդ թվում՝ հոսանքի և խմելու ջրի մատակարարումները դադարեցվել են: Շատ ընտանիքներ խուճապահար հեռանում են:
«Մեր մեղքը ո՞րն է, իմ երեխաներն ի՞նչ են արել, հոսանք, ինտերնետ, սնունդ, ջուր չկա, փողոցում ենք մնացել, ո՞ւր գնանք»,- «Ռոյթերի» թղթակցին ասել է Գազայից մի կին՝ Ումմահ Թարիրը:
Օմանում ԵՄ արտակարգ նիստ է նախատեսվում
Շարունակվում են նաև խնդրի դիվանագիտական լուծմանն ուղղված փորձերը: Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն Իսրայելի և Պաղեստինի արտգործնախարարներին հրավիրել է Եվրամիության խորհրդի արտակարգ ժողովին, որը պետք է գումարվի Օմանում: