Մատչելիության հղումներ

WSJ. «Իրանը մասնակցել է Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման կազմակերպմանը»


Իսրայելցի զինվորը պաշտպանվում է Գազայի հատվածից արձակված հրթիռից, Սդերոտ, 9 հոկտեմբերի, 2023թ.
Իսրայելցի զինվորը պաշտպանվում է Գազայի հատվածից արձակված հրթիռից, Սդերոտ, 9 հոկտեմբերի, 2023թ.

Իրանի հատուկ ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչները մասնակցել են Իսրայելի վրա պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ խմբավորման հարձակման կազմակերպմանը:

Այդ մասին հաղորդում է The Wall Street Journal ամերիկյան հանդեսը, որը վկայակոչում է մի շարք աղբյուրներ, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ից և Լիբանանում տեղակայված ​«Հեզբոլլահ» իրանամետ արմատական ​խմբավորումից:

Հանդեսի փոխանցմամբ, առնվազն այս տարվա օգոստոսից սկսած ՀԱՄԱՍ-ի և հարձակման մեջ ներգրավված պաղեստինյան այլ խմբավորումների ներկայացուցիչները պարբերաբար հանդիպումներ են անցկացրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչների հետ։

Այդ հանդիպումների օրակարգում է եղել հարձակման ծրագրումը: Ենթադրվում է, որ հանդիպումներից մի քանիսին մասնակցել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» հատուկ նշանակության ջոկատի ղեկավար Իսմայիլ Քաանին և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը:

Ըստ WSJ-ի՝ Թեհրանը հավանություն է տվել հոկտեմբերի 7-ին վաղ առավոտյան պաղեստինցիների նախաձեռնած հարձակումներին:

XS
SM
MD
LG