Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Վաշինգտոնը հայտարարել է, որ ավիակիրներ, նավեր և ինքնաթիռներ է մոտեցնում Միջերկրական ծով արևելյան հատվածներ, ինչպես նաև լրացուցիչ սարքավորումներ և զինամթերք կտրամադրի Իսրայելին:
ՀԱՄԱՍ-ի հարձակումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «աննախադեպ և սարսափելի» է որակել:
ԱՄՆ ազգային անվտանգության խոսնակը հայտնել է, որ զոհվածների թվում կան ԱՄՆ մի քանի քաղաքացիներ։
ԱՄՆ պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը հայտարարել է, որ USS Gerald R. Ford ավիակիրը, հրթիռային հածանավը և չորս հրթիռային կործանիչներ շարժվում են դեպի տարածաշրջան։ Սպիտակ տունն ասել է, որ հետագա ռազմական օգնությունը Իսրայելին կուղարկվի առաջիկա օրերին։
Իսրայելական կողմը հաղորդում է, որ ավելի քան 700 մարդ սպանվել, 100-ն առևանգվել է։ Ըստ պաղեստինցի պաշտոնյաների՝ Գազայում ավելի քան 400 մարդ է զոհվել Իսրայելի ավիահարվածների հետևանքով։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին աջակցություն է հայտնել ՀԱՄԱՍ-ի հարձակմանը, ասելով, որ Իսրայելը պետք է պատասխանատվություն կրի տարածաշրջանը վտանգի ենթարկելու համար:
Հոկտեմբերի 7-ին վաղ առավոտյան ՀԱՄԱՍ-ի զինյալները Գազայի գոտուց սկսել են հազարավոր հրթիռներ արձակել իսրայելյան բնակավայրերի վրա: Իսրայելի ղեկավարները հայտարարել են, թե «պաղեստինցիները պատերազմ են սկսել Իսրայելի դեմ»: Իսրայելը պատասխան գործողությունների է դիմել և հայտարարել է, որ կհաղթի: