ՄԱԿ Անվտանգության խորհուրդը երեկ քննարկել է Իսրայելում և Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը, սակայն որևէ փաստաթուղթ չի ընդունվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ընդհանուր հայտարարություն չենք քննարկել, ոչ ոք որևէ տեքստ չի առաջարկել»,- ըստ ՏԱՍՍ-ի՝ լրագրողներին ասել է ՄԱԿ-ում Մալթայի մշտական ներկայացուցիչ Վանեսա Ֆրեզյերը։
Նա նշել է, որ քննարկել են քաղաքացիական բնակչության պաշտպանության և բռնությունները դադարեցնելու հարցեր։
«Անվտանգության խորհրդի անդամները համաձայնել են, որ այդ հարձակումները չպետք է տեղի ունենային: Հուսանք՝ իրավիճակը չի վատթարանա։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի թույլ չտանք դրա տարածումը», - իր հերթին ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը։
Հոկտեմբերի 7-ին վաղ առավոտյան ՀԱՄԱՍ-ի զինյալները Գազայի գոտուց սկսել են հազարավոր հրթիռներ արձակել իսրայելյան բնակավայրերի վրա:
Իսրայելի ղեկավարները հայտարարել են, թե «պաղեստինցիները պատերազմ են սկսել Իսրայելի դեմ»:
Իսրայելը պատասխան գործողությունների է դիմել և հայտարարել է, որ կհաղթի: Երկու կողմերից կան հարյուրավոր զոհեր:
Միջազգային հանրությունը դատապարտել է պաղեստինցիների հարձակումները: Թեհրանը հայտնել է պաղեստինցիներին սատարելու մասին: