Իսրայելի իշխանությունները հավանություն են տվել երկրում «պատերազմական վիճակ» հայտարարելու որոշմանը: Դա ենթադրում է խոշոր ռազմական գործողություններ նախաձեռնելու հնարավորություն: Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վարչակազմը:
«Ռազմաքաղաքական կաբինետը [այն կազմված է կառավարության առանցքային նախարարներից] երեկ երեկոյան հաստատեց անցումը պատերազմական վիճակի և, համապատասխանաբար, խոշոր ռազմական գործողությունների մեկնարկին», - ասվում է հայտարարության մեջ:
«Պատերազմը երեկ Գազայի հատվածից արյունալի ահաբեկչությամբ է պարտադրվել Իսրայելին», - ասվում է ուղերձում։
Նեթանյահուի վարչակազմը պարզաբանել է, որ որոշումն ընդունվել է «Հիմնական օրենք. կառավարություն» կոչվող փաստաթղթի 40-րդ հոդվածով, որը սահմանում է «պատերազմ հայտարարելու կամ նշանակալից ռազմական գործողություններ սկսելու» իրավական կարգը՝ Նախարարների կաբինետի հաստատմամբ։
Դա այսպես կոչված «հիմնական օրենքներից» մեկն է, որոնք Իսրայելում սահմանադրության դեր են կատարում, քանի որ հրեից պետությունը չունի «սահմանադրություն» որպես այդպիսին:
Իսրայելը Միացյալ Նահանգներից օգնություն է խնդրել: CNN ամերիկյան հեռուստակայանի փոխանցմամբ՝ Վաշինգտոնը քննարկում է Իսրայելի խնդրանքը լրացուցիչ ռազմական օգնության վերաբերյալ:
ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ դրա վերաբերյալ այսօր Վաշինգտոնը որոշում կընդունի:
«Մենք քննարկում ենք Իսրայելի լրացուցիչ խնդրանքները: Կարծում եմ, դուք այսօր նորություններ կիմանաք այդ մասին», - ասել է Բլինքենը:
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի գրոհայինների բախումներում արդեն սպանվել է առնվազն 350 իսրայելցի և առնվազն 370 պաղեստինցի: Երկու կողմից կան հազարավոր վիրավորներ, կան նաև գերեվարվածներ և անհետ կորածներ: