Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև սեպտեմբերի 20-ի հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի կողմից, փաստաթղթերի քննարկումների մեխանիզմների, որոշումների կայացման ֆորմատի մասին Հայաստանի Հանրապետությունը տեղեկություններ չի ունեցել, Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ արձագանքելով Արցախից հնչող հայտարարություններին։
Արցախի Ազգային ժողովի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը, «Երկիր»-ին ասել է, թե «Ադրբեջանի կողմից իրականացված սույն թվականի սեպտեմբերի 19-ին ռազմական գործողությունների առաջին իսկ պահից ՀՀ վարչապետը տեղյակ է եղել բոլոր գործընթացներից և զարգացումներից: Առավել դրան, զինադադարի գին հանդիսացող Արցախի հանրապետության խորհրդի հայտարարությունը քննարկման նյութ է եղել և հայտարարության տեքստային տարբերակին նախօրոք ծանոթ են եղել ՀՀ պատասխանատու շրջանակներ, այդ թվում՝ անձամբ ՀՀ վարչապետը»։
Իշխանյանը հույս է հայտնել, որ «հանձնառու ու պատասխանատու կեցվածքի ցուցաբերումը մեր գործընկերներին զերծ կպահի իրականության խեղաթյուրմամբ քաղաքական նեղ շրջանակների շահերը սպասարկելու գայթակղությունից»:
Արցախում սեպտեմբերի 20-ին կրակի դադարեցումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Երևանը ծանոթացել է կրակի դադարեցման վերաբերյալ ռուսական զորախմբի առաջարկին՝ շեշտելով՝ տեքստի ձևավորմանը Հայաստանի Հանրապետությունը որևէ կերպ չի մասնակցել, քննարկումների կողմ չի եղել։
Նազելի Բաղդասարյանն այսօր վերահաստատել է վարչապետի հայտարարությունը՝ Հայաստանի Հանրապետությունը որոշումների կայացման գործում ներգրավված չի եղել:
ՀՀ-ն, ըստ վարչապետի խոսնակի, ընդհանուր առմամբ տեղյակ է եղել, որ գործընթաց է տեղի ունենում՝ կոնկրետ ինֆորմացիա չունենալով նրբությունների մասին:
«Լեռնային Ղարաբաղը հարցերը քննարկել և համաձայնեցրել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հետ և/կամ միջոցով», - գրել է Բաղդասարյանը:
Արցախի Ազգային ժողովի նախագահն այսօր հրաժարվեց այլ հարցերի պատասխանել։ «Ազատությանը» հայտնեց, որ այլ մեկնաբանություններ չունի՝ շեշտելով՝ փաստերը չի կարելի խեղաթյուրել։