Մատչելիության հղումներ

Եվլախում ավարտվել է Ադրբեջանի և Արցախի պաշտոնյաների հանդիպումը


Եվլախում ավարտվել է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաների հանդիպումը, հայտնում են ադրբեջանական պաշտոնական աղբյուրները։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հանդիպման ավարտից հետո Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները լքել են Եվլախը։

Ադրբեջանական ԶԼՄ-ները տեսանյութ են հրապարակել․

Արդյունքների մասին մանրամասներ դեռ հայտնի չեն, միայն հաղորդվում է, որ «բանակցությունների ընթացքում քննարկվել են Ղարաբաղում բնակվող հայերի վերաինտեգրման հարցերը»։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, բանակցությունները վարում էր պատգամավոր Ռամին Մամեդովը:

Մամեդովը Իլհամ Ալիևի կողմից նշանակվել է այս տարվա մարտին՝ Ղարաբաղում բնակվող հայերի հետ շփումների պատասխանատու։ Ադրբեջանական պատվիրակության կազմում են նաև Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի տեղակալ Բաշիր Հաջիևը և հատուկ առաքելության աշխատակից Իլկին Սուլթանովը։

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված կադրերում երևում է, որ ղարաբաղյան կողմը ներկայացնում են Սերգեյ Մարտիրոսյանը՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տնօրեն, և Դավիթ Մելքումյանը՝ Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։

Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև բանակցությունները տևել են մի քանի ժամ, դրանց միջազգային որևէ լրատվամիջոց ներկա չի եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG