Մատչելիության հղումներ

Արևմտյան մամուլը՝ հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների մասին


«Արդյո՞ք Հայաստանը դուրս է գալիս Կրեմլի ուղեծրից»

«Արդյո՞ք Մոսկվայի ամենահին դաշնակիցներից մեկը՝ Հայաստանը, դուրս է գալիս Կրեմլի ուղեծրից», - այս հարցին է փորձում պատասխանել կիրակի օրը ամերիկյան ամենահեղինակավոր լրատվամիջոցներից մեկի՝ CNN-ի կայքում հրապարակված հոդվածի հեղինակ Քրիստիան Էդվարդսը՝ անդրադառնալով սեպտեմբերի 11-ին մեկնարկած «Արծիվ գործընկեր» (Eagle Partner) հայ-ամերիկան համատեղ զորավարժություններին։

«Թեև դրանք այնքան էլ լայնամասշտաբ զորախաղեր չեն, սակայն վերջինն են գործողությունների այն շղթայում, որոնք Ռուսաստանի արտգործնախարարությունը «ոչ բարեկամական քայլեր» որակեց», - գրում է CNN-ի մեկնաբանն՝ ընդգծելով, - «միջազգային նոր գործընկերների հետ Հայաստանի այս սիրախաղի գլխավոր խթանիչ գործոնը հիասթափությունն է, որ Ռուսաստանը չի կարողանում կամ չի ցանկանում պաշտպանել երկիրը հարևան Ադրբեջանի նախահարձակ գործողություններից։ Այդ հանգամանքը, իր հերթին հարցեր է առաջացնում, թե արդյո՞ք Ռուսաստանը ի վիճակի է պահպանել իր վերահսկողությունը խորհրդային նախկին կայսրության տարածքում գտնվող պետությունների ու այնտեղ առկա հակամարտությունների հանդեպ»:

Հեղինակի պնդմամբ, սակայն, առայժմ հստակ չէ՝ Հայաստանի մերձեցումը Արևմուտքի հետ զուտ սեփական անվտանգությունը ապահովելու քայլերի, թե՞ աշխարհաքաղաքական շրջադարձի հետևանք է։

«Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը մասնակիորեն պայմանավորված է Ռուսաստանի վարած քաղաքականությամբ», - CNN-ի հետ զրույցում պնդում է Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի փորձագետ Մարի Դումոլենը, որի համոզմամբ՝ Ռուսաստանը փորձում է իր կողքին պահել թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին՝ «մի խնդիր, որ գործնականում անհնարին է Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի պատճառով»։

«2020 թվականի պատերազմից ի վեր Ռուսաստանը մեծ դժկամությամբ է ընտրություն կատարում Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչն, ըստ էության, նշանակում է, որ Մոսկվայի ընտրությունը կանգ է առնում Ադրբեջանի վրա», - պնդում է Դումոլենը՝ մանրամասնելով, - «դա կրավորական կեցվածք է, սակայն այդ կրավորականությունն ինքնին ադրբեջանամետ մոտեցում է»։

«Դժվար է Երևանից աշխարհաքաղաքական կտրուկ շրջադարձ ակնկալել»

«Արծիվը Հարավային Կովկասում։ Հայաստանը այլընտրանքային աշխարհաքաղաքական տարբերակներ է փորձարկում», - այսպես է վերնագրված Ֆիլադելֆիայում գործող Արտաքին քաղաքականության հետազոտական ինստիտուտի կայքում անցած շաբաթավերջին հրապարակված հոդվածը։

Դրա հեղինակներն են Միացյալ Նահանգների Զինված ուժերի փոխգնդապետ Ուոլթեր Լանդգրաֆը և փորձագետ Նարեկ Սեֆերյանը։

«Միացյալ Նահանգների տեսանկյունից այս զորավարժությունները այսպես կոչված «պաշտպանական դիվանագիտության» վառ օրինակ են, երբ զինված ուժերի խաղաղ կիրառման՝ այն է՝ զորախաղերի ու վարժանքների միջոցով, արտերկրում տարածվում է [ամերիկյան] ազդեցությունը», - գրում են հետազոտողները։

«Թեև առայժմ շատ վաղ է պնդել, թե «Արծիվ գործընկեր» զորավարժությունները ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության մեկնարկն են ազդարարում, այնուհանդերձ, ակնհայտ է՝ Միացյալ Նահանգները պաշտպանական դիվանագիտության միջոցով մի կողմից փորձում է ամրապնդել ռազմավարական գործընկերությունը տարածաշրջանում, մյուս կողմից՝ խաթարում է ռուսական ազդեցությունը», - գրում են Արտաքին քաղաքականության հետազոտական ինստիտուտի մասնագետները։

Լանդգրաֆի և Սեֆերյանի համոզմամբ՝ սակայն՝ «հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա խորը ռազմական, տնտեսական, էներգետիկ և մշակութային կապերը, դժվար է Երևանից աշխարհաքաղաքական կտրուկ շրջադարձ ակնկալել»։

«Բացի այդ, Միացյալ Նահանգների՝ Կրեմլի ազդեցությունը թուլացնելու փորձերը էական արդյունքի կհանգեցնեն միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը Հայաստանին անվտանգության [գործող] ճարտարապետության փոխարեն կենսունակ և հուսալի այլընտրանք առաջարկի», - նշում են ամերիկացի վերլուծաբանները։

«Ինչո՞ւ Հայաստանը չի կարող հեռանալ Ռուսաստանից»

«Ինչո՞ւ Հայաստանը չի կարող հեռանալ Ռուսաստանից», - հարց է հնչեցնում գերմանական «Շպիգելը»՝ պնդելով, որ այն միջազգային ուշադրությունը, որին արժանացել են հայ-ամերիկյան զորավարժությունները, հիմնականում պայմանավորված է ընդհանուր աշխարհաքաղաքական կոնտեքստով՝ նախևառաջ ուկրաինական պատերազմով։

«Այդ պատերազմը հանգեցրեց շահերի փոփոխության, Բաքվի և Անկարայի կարևորությունը Մոսկվայի համար էլ ավելի աճեց, քանի որ Ռուսաստանին արևմտյան պատժամիջոցները շրջանցելու համար այլընտրանքային առևտրային ուղիներ են անհրաժեշտ, այդ թվում՝ Ադրբեջանով անցնող «Հյուսիս-հարավ» միջանցքը», - «Շպիգելի» հետ զրույցում նշում է «Արտաքին քաղաքականության գերմանական ընկերացկության» փորձագետ Շտեֆան Մայստերը։ Նրա խոսքով՝ «իրադարձությունների նման զարգացման պատճառով Հայաստանը ավելի մեծ շահերի զոհ է դարձել»։

Դրա հետ մեկտեղ Մայստերը չի կարծում, թե Հայաստանը կարող է առանց լուրջ բարդությունների խզել կապերը Ռուսաստանի հետ։

«Եթե անգամ Հայաստանը որոշի քաղաքականապես դուրս պրծնել Ռուսաստանի գրկից՝ տնտեսական կամ անվտանգային տեսանկյունից այն իրեն նման բան թույլ տալ չի կարող։ Փաշինյանը մեզ ազդակներ է հղում՝ «ես պատրաստ եմ հեռանալ Մոսկվայից»։ Արևմուտքը, սակայն, Հայաստանին չի օգնի, ռազմական օգնություն ամեն դեպքում չի լինի», - նշում է գերմանացի վերլուծաբանը։

Մայստերի խոսքով՝ Եթե Նիկոլ Փաշինյանն իրոք որոշի թուլացնել Մոսկվայի ազդեցությունը, Ռուսաստանը կպատժի նրան։

«Ռուսաստանը միայն ռազմական լծակներ չէ, որ ունի։ Այդ երկիրը շարունակում է վերահսկել Հայաստանի կենսական ենթակառույցներն ու տնտեսությունը», - «Շպիգելի» հետ զրույցում նշում է գերմանացի փորձագետը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG