Մատչելիության հղումներ

Մոսկվան ափսոսում է ԱՄՆ-ի հետ զորավարժություններ անցկացնելու Երևանի մտադրության համար


Մոսկվան ափսոսում է ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու Երևանի մտադրության համար, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք ոչ մի լավ բան չենք տեսնում, որ ՆԱՏՕ-ի ագրեսիվ երկիրը փորձում է ներթափանցել Կովկաս: Չեմ կարծում, որ դա լավ է որևէ մեկի համար, այդ թվում՝ հենց Հայաստանի։ Որտեղ էլ հայտնվել են ամերիկացիները, գիտեք՝ նրանք հարյուրավոր բազաներ ունեն աշխարհով մեկ, դա լավ բանի չի հանգեցրել», - Նյու Դելիում ասուլիսին ասել է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

«Մենք ցավում ենք Հայաստանի ղեկավարության գործողությունների համար»,- նշել է Լավրովը։

Երկուշաբթի՝ սեպտեմբերի 11-ին, Հայաստանում կմեկնարկեն հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները՝ «Արծիվ գործընկեր 2023» խորագրով։

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ շուրջ 10 օր նախատեսված զորավարժությունները կանցկացվեն միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակներում։ Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։

Ըստ Լավրովի՝ հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների մասին համաձայնագիրը տարօրինակ է թվում. - «Այս որոշումը հատկապես տարօինակ է այն դեպքում, որ երկու տարի է՝ Հայաստանը հրաժարվում է մասնակցել ՀԱՊԿ-ի վարժանքներին՝ բացատրելով դա, որ եթե դաշինքը դատապարտի Ադրբեջանին, նոր միայն Հայաստանը կաշխատի ՀԱՊԿ-ում: Սակայն երբ հարցնում ենք՝ այդ դեպքում ինչո՞ւ եք շփվում ամերիկացիների և եվրոպացիների հետ, որոնք Ադրբեջանին չեն դատապարտում, Երևանը պատասխանում է, որ նրանք չեն իրենց դաշնակիցը, այլ ՀԱՊԿ-ը, ուրեմն մենք պիտի դատապարենք: Այսպիսի տարօրինակ և պարզունակ տրամաբանություն»։

«Ես իսկապես հուսով եմ, որ բոլոր դաշնակցային պարտավորությունները, որոնք կան մեր միջև, և մենք դրանք կարևորում ենք, դեռ ուժի մեջ կմտնեն և կգերակայեն Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Հայաստանը բազմիցս է հայտարարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից իր դժգոհությունների մասին․ Երևանը ՀԱՊԿ-ից պահանջել էր քաղաքական գնահատական տալ 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի ներխուժմանը Հայաստանի ինքնիշխան տարածք։ Այս պահանջը ՀԱՊԿ-ն այդպես էլ չկատարեց։ Այս լարվածությունից հետո Հայաստանը նախ չեղարկեց իր տարածքում ՀԱՊԿ զորավարժությունները, հետո էլ հրաժարվեց կառույցում գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։

Մեկնաբանելով Հայաստանին ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերը՝ Լավրովը նշել է. - «Այնտեղ կան բազմաթիվ քաղաքական գործիչներ, ովքեր իրենց թույլ են տալիս բավական ամբարտավան հայտարարություններ անել Ռուսաստանի հասցեին, մենք դա տեսնում ենք, սա երեկ չի սկսվել»։

XS
SM
MD
LG