Մատչելիության հղումներ

«Արծիվ գործընկեր» զորավարժության հիմքում հայ-ամերիկյան երկարամյա անվտանգային համագործակցությունն է․ ԱՄՆ դեսպան


«Արծիվ գործընկեր» զորավարժության հիմքում հայ-ամերիկյան երկարամյա անվտանգային համագործակցությունն է, ըստ ԱՄՆ դեսպանության, հայտարարել է դեսպան Քրիստինա Քվինը։

Ընդգծելով, որ «Արծիվ գործընկերը» խաղաղապահների համար նախատեսված զորավարժություն է, որն ընթանում է Հայաստանում սեպտեմբերի 11-ից 20-ը, ԱՄՆ դեսպանությունը նշում է, որ վարժանքին մասնակցում են մոտ 85 ամերիկացի և 175 հայ զինծառայողներ։

««Արծիվ գործընկեր» զորավարժությունը Հայաստանի հետ մեր երկարամյա փոխգործակցության վկայությունն է, որի հիմքում անվտանգային և խաղաղապահ ոլորտներում համագործակցությունն է», - ասել է դեսպան Քվինը՝ շեշտելով՝ Հայաստանի հետ բազմակողմ համագործակցային կապեր ունեն։

Ըստ դեսպանության՝ ԱՄՆ 10-րդ լեռնային դիվիզիայի հրամանատար գեներալ-մայոր Գրեգորի Անդերսոնն ու ԱՄՆ ցամաքային ուժերի Եվրոպայի և Աֆրիկայի շտաբի պետի օպերատիվ գծով տեղակալ բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսն են դեսպան Քվինի հետ «Զառ»-ում դիտարկել զորավարժության ընթացքը։

«Միացյալ Նահանգները հետևողական աջակցություն է ցուցաբերել Հայաստանի զինված ուժերին, հատկապես կարողությունների զարգացման ասպարեզում այնպիսի կարևորագույն ուղղություններում, ինչպիսիք են զանգվածային բնաջնջման զենքերի չտարածումն ու խաղաղապահ գործունեությունը»,- իր հերթին, ըստ դեսպանության, ասել է գեներալ-մայոր Անդերսոնը։

ԱՄՆ դեսպանույթունը նաև նշում է, որ զորավարժությունը նաև նպատակ ունի բարձրացնել Հայաստանի 12-րդ խաղաղապահ բրիգադի պատրաստվածությունը այս տարի ավելի ուշ նախատեսվող ՆԱՏՕ/ ԳհԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգի» պլանային գնահատման համար։

Ռուսաստանի իշխանություններն ամենատարբեր մակարդակներով քննադատում են Հայաստանի՝ ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություն անցկացնելու որոշումը։ Արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր ասել, թե որևէ լավ բան չի տեսնում, որ «ՆԱՏՕ-ի ագրեսիվ երկիրը փորձում է ներթափանցել Կովկաս»։ Երևանից արձագանքել էին՝ «հայ-ամերիկյան զորավարժությունները Հայաստանի սուվերեն որոշումն է»։ Ռուսական կողմի քննադատությունների ֆոնին մտահոգություններ հնչեցին Իրանից։ Իրանի արտգործնախարարը հայտարարեց՝ «հայ-ամերիկյան զորավարժությունները կարող են էլ ավելի բարդացնել իրադրությունը տարածաշրջանում»։

XS
SM
MD
LG