Մատչելիության հղումներ

Իշխանությունը վերարտադրվելու շանս չունի. Անդրանիկ Թևանյան


Մայրաքաղաքում իշխանափոխությունը կարող է հանգեցնել համապետական մակարդակով իշխանափոխության , «Ազատության» հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։

«Այդ հնարավորությունը տեսնում ենք և տեսնում ենք, որ այս իշխանությունները վերարտադրվելու շանս չունեն», - ասաց նա։

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Դուք իշխանափոխության ծրագրով եք մտել ընտրապայքար, սակայն ինչպե՞ս է ավագանին հեռացնելու Նիկոլ Փաշինյանին։

Անդրանիկ Թևանյան. - Ավելի շուտ ոչ թե իշխանափոխության, այլ անվտանգության և իրական խաղաղության ապահովման, որի գործիք ենք դիտարկում իշխանափոխությունը։ Ինչ վերաբերում է ավագանու ընտրությանը, ապա մայրաքաղաքի ազդեցությունը հայտնի է, և մայրաքաղաքում իշխանափոխությունը կարող է հանգեցնել համապետական մակարդակով իշխանափոխության։ Մենք այդ հնարավորությունը տեսնում ենք և տեսնում ենք, որ այս իշխանությունները վերարտադրվելու շանս չունեն, բացի այն, որ իրենք կիրառեն ընտրակեղծիքի միջոցը։ Եթե այդ ընտրակեղծիքները լինեն, ապա դա կարող է հանգեցնել ցնցումների, ես խորհուրդ չէի տա իրենց դա անել։

Մենք քաղաքապետարանը որ վերցնենք, այդ ժամանակ արդեն դա նշանակում է հենարանից զրկել իշխանությանը, Երևանի հենարանը բավական կարևոր է, դա նշանակում է նաև հանրային մթնոլորտի էական փոփոխություն, որովհետև մարդիկ հաղթանակ, հաջողություն կտեսնեն….

«Ազատություն». - Դա, այո, բայց ոչ օրենքով, ոչ էլ քաղաքական տրամաբանությամբ ավագանին նման գործառույթ անգամ չունի՝ այդ հարցերը բարձրաձայնելու։

Անդրանիկ Թևանյան. - Քաղաքապետարանի ընդդիմադիր դաշտ անցնելը յուրօրինակ երկիշխանություն է ենթադրում։

«Ազատություն». - Այս օրակարգով Դուք արդեն ունեք մանդատ խորհրդարանում, որից հրաժարվեցիք, այնինչ երկու տարի հենց իշխանափոխության համար են ձեզ քվե տվել 200 հազարից ավելի մարդ, նկատի ունեմ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքին։

Անդրանիկ Թևանյան. - Սա կարևորագույն գործընթաց է, ընտրական գործընթացը բաց թողնել չէր կարելի, Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելը նաև յուրօրինակ ուղերձ էր մեր հանրությանը, որ սա զուտ աթոռակռիվ չէր, որ այս պայքարը այն բանի համար է, որ իրավիճակը նույն 21 թվականի համեմատ էականորեն փոխվել է, 21 թվականին չկար Արցախի պաշարում, 21թ. Նիկոլ Փաշինյանը խաբել էր իր ընտրողներին և հայտարարել էր, որ ինքը պայքարելու է Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման համար, դեօկուպացիայի համար, «անջատում հանուն փրկության» սկզբունքի համար, հիմա 180 աստիճան ուրիշ տեսակետներ է հայտնում, մենք կանգնած ենք պատերազմի նախաշեմին, 120 հազար արցախահայ սովամահության վիճակի մեջ է, պաշարման մեջ է, էական իրավիճակ է փոխվել։ Եվ այս ընտրություններին մասնակցելը նաև նպատակ է հետապնդում, որ մենք այս խնդիրները բարձրաձայնենք, մարդկանց տեղեկացնենք, ահազանգենք, և նրանց քվեն ստանալու պարագայում մենք գնանք իշխանափոխության։

<> Քանի որ այդ խնդիրները խորացել և չեն պակասել…այո, փորձվել է, և հիմա էլ այս ընտրական գործընթացն է փորձ արվելու։ Անկախ մեզանից այս ընտրությունները միևնույն է կայանալու են, այսինքն՝ Ձեր ասածի տրամաբանությունը այն է, որ քանի որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ հանձնում է, և մինչև այժմ իրեն հնարավոր չի եղել հեռացնել, մենք պետք է ձեռքներս ծալած նստենք, ասենք՝ թող ինքը մնա՞, ոչ։

«Ազատություն». - Կամ գուցե պրոբլեմը դուք եք, մարդիկ ձեզ չեն ուզում բերել իշխանության։

Անդրանիկ Թևանյան. - Եթե պրոբլեմը այլ մարդիկ լինեին, այդ մարդիկ կդրսևորվեին։

«Ազատություն». - Պատրա՞ստ եք հետընտրական համախմբման այն ուժերի հետ, որոնք կանցնեն և չեն ուզի, որ Ավինյանը դառնա քաղաքապետ։

Անդրանիկ Թևանյան. - Նայած, թե ովքեր են, նայած, թե ինչ սկզբունքների շուրջ են։

<> Մեր կարևորագույն սկզբունքները հետևյալ երեքն են՝ առաջին՝ ենթադրվում է, որ բոլոր այն ուժերը, ովքեր կուզենան համագործակցության դաշտում աշխատել, պետք է գնահատականների իդենտիկություն ունենան վարվող քաղաքականության վերաբերյալ և Նիկոլ Փաշինյանի բերած արհավիրհքների վերաբերյալ, երկրորդ սկզբունքը՝ բնականաբար, պետք է այդ ուժը որևէ պարագայում պատրաստակամություն չհայտնի համագործակցել «Քաղաքացիական պայմանագրի» հետ, և երրորդ սկզբունքը՝ պատրաստակամություն հայտնել սեպտեմբերի 18-ից սկսած աշխատել ամբողջական իշխանափոխության ուղղությամբ, բայց ոչ թե հեռավոր ապագայի համար, այլ շարունակել գործընթացը՝ դա կլինի հրապարակներում, վարչական կաբինետներում և այլն, մենք պետք է գնանք ամբողջական իշխանափոխության։

XS
SM
MD
LG