Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն, ավագանու ընտրություններին մասնակցելով, մեծ քաղաքականություն մտնելու հայտ է ներկայացնում։ Նոր Նորք թաղամասում թիմակիցների հետ քարոզարշավ անցկացնող թեկնածուն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ հայաստանյան քաղաքական դաշտն անառողջ է, ու ինքն այն առողջացնելու անհրաժեշտություն է տեսնում։
«Կարծում եմ՝ յուրաքանչյուր պրոցես արդեն հայտ է մեծ քաղաքականություն, չի կարող փոքր և մեծ քաղաքականություն լինել, կամ քաղաքականությունը կա, կամ քաղաքականությունը չկա, և ես ասացի, որ քաղաքական դաշտն այսօր շատ անառողջ է, դա պետք է առողջացնել, և այս պրոցեսը, կարծում եմ, հենց դրա սկիզբն է», - ասաց նա։
Իսկ արդյոք Մարությանը նպատակ ունի նաև իշխանափոխության հասնել, «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածուն ասաց, թե այս պահին քաղաքային իշխանության փոփոխությունն է իրենց նպատակը. - «Իշխանափոխությունը նորմալ, զարգացած երկրներում տեղի է ունենում ընտրությունների միջոցով, և մենք հիմա գնում ենք ընտրությունների, այս պահին մենք խոսում ենք քաղաքային իշխանության փոփոխության մասին»։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն, արձագանքելով մրցակցի հայտարարություններին, այսօր հավաստիացրեց, թե իշխանությունները ամենևին էլ մտահոգ չեն այդ հանգամանքով։ Ճշտող հարցին էլ՝ արդյոք Մարությանը չէ իր հիմնական մրցակիցը, իշխանական թեկնածուն խուսափեց պատասխանել։
«Մեր ծրագրերը, այն, ինչ մենք արել ենք, և այն, ինչ մենք անելու ենք, երևանցիների համար են, բոլոր մնացածը արդեն թողնում եմ երևանցիների դատին, և իրենք սեպտեմբերի 17-ին վստահաբար կասեն, թե ինչ են կարծում», - ասաց Ավինյանը։
Ավինյանն այսօր անդրադարձավ նաև Մարությանի մեղադրանքներին, թե իշխող ուժն ուզուրպացրել է իշխանությունը քաղաքապետարանում, հայտարարեց, թե նվազագույնը պետք է քաղաքականությունից չհասկանալ այդպիսի հայտարարություն անելու համար։ Շեշտեց՝ ինքը Երևանի փոխքաղաքապետ ընտրվել է ընտրված ավագանու կողմից։ Ավինյանն առիթը բաց չթողեց կրկին Մարությանի քաղաքապետության տարիները քննադատելու համար։
Ավինյանը, ըստ էության մեղադրեց Երևանի նախկին քաղաքապետին անարդյունավետ աշխատանքի համար. - «Վերջին մեկ տարվա ընթացքում մենք Երևանի ավագանու հետ նախարարությունների հետ, կառավարության հետ իրականացրել ենք այն ծավալի աշխատանք, ինչ չենք իրականացրել նախորդ չորս տարիներին միասին վերցված, ես կարծում եմ՝ սա է ամենախոսուն փաստը։ Բոլոր մնացած հայտարարությունները ուղղակի օդում խոսքեր են, պետք է փաստով նայել»։
Մինչ իշխանական քաղաքապետի թեկնածուն նախընտրում է քարոզարշավի ընթացքում հիմնականում քաղաքային խնդիրների մասին խոսել, ընդդիմության թեկնածուները շարունակում են հայտարարել՝ իրենց օրակարգում նաև անվտանգային հարցերն են ու Արցախը։ Սա, ըստ «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանի, նաև ընտրողներն են գիտակցում։
«Մարդիկ շատ լավ պատկերացնում են, որ ստանդարտ չի Հայաստանում, ստանդարտ իրավիճակում Երևանի ընտրություններն այլ տեսք կստանային, բայց հիմա մեր գլխավոր օրակարգն անվտանգությունն է, երկրի գոյությունը, արցախահայության խնդիրները, և այս բոլոր հարցերն իրենց պատասխանները կստանան Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ», - նշեց նա։
Անդրանիկ Թևանյանը թիմակիցների հետ միասին Կենտրոնական ընտրական հանձաժողովի առջև էին հավաքվել։ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը քրեականացնել առաջարկող «Հայաքվե» նախաձեռնությունը ստորագրահավաքի արդյունքները ներկայացրեց հանձնաժողովին։ Նախաձեռնությունից պնդում են՝ հարցն Ազգային ժողովի օրակարգ մտնցելու համար հավաքել են անհրաժեշտ 50 հազարից ավելի ստորագրություն։
«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանն էլ այսօր հայտարարեց, որ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը ընտրություններն են՝ իշխանափոխությունը. - «Դրա համար շատ ինտենսիվ ենք աշխատում մարդկանց հետ՝ հորդորելով, որ որևէ պարագայում չբոյկոտեն, այս հուսահատությունը իրենց չհաղթահարի, և նրանք հանկարծ այնպես չլինի՝ չգնան ընտրության»։
Ըստ Թանդիլյանի, սա ավանագանու ընտրությունների պատմության մեջ ամենաքաղաքական ընտրությունն է լինելու. - «Մեր հայրենակիցները պիտի իմանան՝ Երևանի մայրաքաղաքի բնակիչն արդյոք պատրաստվում է փոխել այս պարտությունների շղթան, թե հաշտ է լինելու այս իրավիճակի հետ, դրա պատասխանը սեպտեմբերի 17-ին են տալու»։
Ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի մեծ մասը ևս այսօր շարունակել է քարոզարշավը Երևանի տարբեր թաղամասերում, մի մասն էլ շարունակում է ակտիվ մնալ միայն սոցցանցերում։