Մատչելիության հղումներ

Ավինյան-Մարության հեռակա բանավեճ, բակային հանդիպումներ. քարոզարշավը շարունակվում է


Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը քարոզարշավի 8-րդ օրը, երբ թվարկում էր՝ ինչ ծավալի աշխատանք է կատարել քաղաքային իշխանությունը վերջին մեկ տարվա ընթացքում, չհամաձայնեց լրագրողների այն դիտարկմանը՝ գուցե դրանց մի մասի հիմքը դրվել էր նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք, գուցե կառավարությունն այդ ծավալի ֆինանսական օգնություն չի տրամադրել Մարությանին աշխատանքն ավարտելու համար։

Իշխանական թեկնածուն վրդովվեց ու հակադարձեց՝ դուռը շխկացնելով, սև ու սպիտակի բաժանելով հարցեր չեն լուծվում. - «Այո, կարելի է կռվել բոլորի հետ, թքել, դուռը շխկացնել և դուրս գալ և բոլոր ծրագրերը գցել ջրհորը և դրանով ավարտել ու ասել՝ այո, էս էր մեղավոր, էն էր մեղավոր, սա լավը չէր, սա վատն էր, սա սև էր, սա սպիտակ էր։ Բայց դրանից ոչ մի բան չի փոխվում, միայն գործն է տուժում»։

Ավինյանը հիշեցրեց՝ նախկինում բյուջեն 60 տոկոս կատարողական չի ունեցել. պատճառը, ըստ իշխանական թեկնածուի, կառավարման հմտություններ չունենալն էր։ «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու Մարությանն էլ, թե երևանցին կգնահատի՝ ով ինչպես կառավարեց։

«Ամբողջ հայրությանն ուզում եմ ասել, որ ես հրաժարական չեմ տվել, ինձ հեռացրել են այդ պաշտոնցի՝ զրկելով մեր ժողովրդին իր քվեից, որովհետև ժողովուրդը, երևանցիները իրենց քվեն տվել էին «Իմ քայլը» դաշինքին և Հայկ Մարության քաղաքապետին, այնինչ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, կարելի է ասել, ուզուրպացրել է այս պահին իշխանությունը քաղաքապետարանում, այսինքն՝ դուռը շխկացնելու մասով, կարծում եմ, պարզ էր պատասխանը», - արձագանքում է Հայկ Մարությանը։

Իշխող ուժը վստահ է, որ 50+ քվե հավաքելու է, և կոալիացիայի կարիք չի լինի։

«Ես վստահ եմ, որ մենք մեծամասնություն ենք հավաքելու, որովհետև իրականում երևանցիները տեսնում են այն աշխատանքի ծավալները, որ իրականացրել է քաղաքապետարանը, մասնավորապես վերջին շրջանում», - ասաց Ավինյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ կոալիցիա կազմելը բացառող Հայկ Մարությանն էլ՝ անկախ դիտորդների զեկույցները մեջբերելով՝ ընդգծում է՝ վարչական ինչ տեսանելի և անտեսանելի միջոցներ է կիրառում Ավինյանին առաջադրած ուժը՝ երևանցիների վրա տպավորություն թողնելու համար։ Համեմատականեր է անցկացնում՝ իր իշխանության օրոք կառավարությունն այդպես էլ գումարներ չգտավ վերելակի, տրանսպորտի հարցը լուծելու համար, մինչդեռ նախընտրական փուլում ավելի քան 10 միլիարդ դրամ հատկացումը քաղաքայաին իշխանությանը մտածելու տեղիք է տալիս։

«Մենք երբևիցե չէինք կարող երազել, որ այդպիսի գումար հնարավոր է կառավարությունը տա երբևիցե։ Ես շատ ուրախ եմ, որ տվել է, բայց նաև մի կողմից մի փոքր մտահոգիչ է, որ այդ գումարները ինչ-որ մսխվում են, որովհետև աշխատանքները այն արագությամբ են կատարվում և այն որակի, որ ափսոս է այդ գումարները, այն, ինչ հիմա արվում է, ևս մեկ անգամ պետք է հետո արվի, որովհետև որակը բացակայում է», - հայտարարեց նա։

Մայրաքաղաքի ընտրություններն այս տարի անցնում են մի պայմաններում, երբ Լաչինի միջանցքից առևանգվում են մարդիկ, երբ պաշարված արցախցիները սովամահության եզրին են, երբ ադրբեջանական ուժերը տարբեր ուղղություններից կրակում են հայկական դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ։ Ավագանու ընտրություններին մասնակցող քաղքական ուժերի մի մասի օրակարգում էլ շատ հաճախ ոչ թե քաղաքային խնդիրներն են, այլ հենց Արցախը։

«Ամենամեծ մարտահրավերը Հայաստանի Հանրապետության համար Արցախի հարցն է, բայց մյուս կողմից՝ չանել ընտրություններ նույնպես ճիշտ չէ, որովհետև անձամբ մեր թիմը, մեր քաղաքական թիմն այն կարծիքին է, որ սա սկիզբ է նոր փոփոխությունների, որովհետև իշխանությունն այսօր, պարզ երևում է, որ չի կարողանում ի կատար ածել ժողովրդի ցանկությունները», - ասաց Մարությանը։

Մինչդեռ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի կարծիքոքվ՝ այս հարցերն ավագանու գործառույթների մեջ չեն մտնում. - «Բոլոր այն ուժերը, որոնք իրական այս թեմայի շրջանակից կփորձեն դուրս գալ, իրենք միայն տուժելու են, այսինքն՝ Երևանի ավագանու ընտրությունները Երևանի մաս են»։

Ավինյան-Մարության հեռավար բանավեճին չխառնվելով՝ իրենց քարոզարշավն են իրականացնում մյուս 12 ուժերը՝ տարբեր տեխնոլոգիաներ օգտագործելով։

Բակային հանդիպումներ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում իրականացրեց «Հանրապեոտւթյուն» կուսակցության առաջնորդ Արտակ Զեյնալյանը։

«Մեր ընտրողները նրանք են, ում համար Երևանը հայրենիք է, և «բ» տարբերակ չունեմ, ժողովրդի վրա, բնականաբար, մե ազդեցություն ունի այն, ինչ հիմա տեղի է ունենում Արցախում, և ցանկացած գործողություն, որ մենք անելու ենք Հայաստանում, հեռանկարում ունենալու է լուծելու մեր համապետական ու ազգային խնդիրները», - նշեց նա։

Արևմտյան արժեքներով առաջնորդվող կուսակցությունը այս ընտրություններում այլ արտաքին վտանգեր է տեսնում. - «Առնվազն հինգ քաղաքական ուժ մասնակցում են հյուսիսից կառավարվելով և ռուսական կապիտալով, և նպատակն է անցնել Երևանի ավագանի։ Նրանք ներքին ուժերով փորձում են վերցնել Հայաստանում իշխանությունը, և մենք պայքարում ենք, որպեսզի Երևանը չդառնա ռուսական հերթական կազան»։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու, գործող ավագանու անդամ Դավիթ Խաժականն այսօր բուկլետներ էր բաժանում Շենգավիթում։ Զրույցների ընթացքում իր ծրագրերից առանձնացրեց համատիրությունների վերացումը։ Թվարկում էր՝ ինչպես է իրականացնելու դա։ «Ազատությունը» հետաքրքրվեց՝ չի՞ հասցրել տարբեր քաղաքապետերի ժամանակին քննարկել այս հարցը։

«Մենք մարդկանց առաջ ենք կանգնել, ներկայացնում ենք այդ առաջարկները քաղաքացիներին և ոչ թե այլ քաղաքական թիմերին, որոնք կարող է առանց որևէ լուրջ պատճառաբանության մերժեն, ուստի ինձ բարձրաձայնելը ոչինչ չի խանգարել, ես բարձրաձայնել եմ, բայց ինձ խանգարել են այն մարդիկ, ովքեր մերժել են այդ նախագծերը», - պատասխանեց նա։

Բակային հանդիպումներին զուգահեռ քարոզարշավի առաջին շաբաթն ամփոփող ասուլիսով այսօր հանդես եկավ «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Քաղաքապետի թեկնածուին այստեղ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանն է, 8-օրյա քարոզարշավն ամփոփում էր այսօր շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը։

Քաղաքական այս ուժին այսօր վրդովեցրեց այն հանգամանքը, որ շահարկման առարկա են դարձնում իրենց քաղաքապետի թեկնածուի որդիների արտերկրում սովորելու հանգամանքը։

«Ես հրավիրում եմ բանավեճի՝ «Ապրելու երկրի» «մեղքերը» որո՞նք են, որ Մանե Թանդիլյանի որդիները աշխարհի լավագույն բուհերից մեկում են սովորում, հա՞, որ Նիկոլ Փաշինյանի երեխան էլ է հա այսօր արտասահմանում սովորում, դա՞ է մեր մեղքը, որ Տիգրան Ավինյա՞նն էլ է արտասահմանում սովորել, ու չգիտեմ՝ ոնց է բանակից ազատվել, բա գնացեք, դրանց մասին հարցրեք, թող բացատրեն, պատասխանեն», - ասաց Առաքելյանը։

Երևանի քաղաքապետ դառնալ ցանկացող 14 քաղաքական ուժերի մի զգալի մասն ինչպես այսօր, այնպես էլ նախորդ օրերին նախընտրում է հոլովակներ տեղադրել սոցիալական ցանցերում։

Քարոզարշավը դեռ 16 կշարունակվի։ Սեպտեմբերի 17-ին ընտրության օրն է։

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG