Մատչելիության հղումներ

«Բալանսավորված մեդիակերակուր» ընտրեք». հակաքարոզչությունը՝ ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում


«Անհայտ ծագման հազարավոր դոլարներ՝ Ավինյանի հակառակորդներին «սևացնելու» համար․ ինչպե՞ս են ՔՊ-ական կեղծ էջերն աշխատում Ֆեյսբուքում։ Սա փաստերի ստուգման հարթակի երեկ տարածած ծավալուն հոդվածի վերնագիրն է, որում ֆեյսբուքյան հին ու նոր էջերի լուսանկարներ են՝ քաղաքապետի թեկնածուներ Հայկ Մարությանին, երբեմն էլ Մանե Թանդիլյանին վարկաբեկող գրառումներով։

Ֆեյսբուքյան այդ էջերից մեկը բացվել է հենց Հայկ Մարությանի՝ ընտրություններին մասնակցելու հայտարարության հաջորդ օրը։ Ավելի վաղ բացված ու մի քանի հազար հետևորդներով ֆեյսբուքյան էջեր էլ կան հոդվածում, որոնք հիմնականում մածունի կամ այլ ուտեստների մասին են եղել, իսկ հիմա Հայկ Մարությանի հակագովազդով են զբաղված, դրանից առաջ էլ իշխանության թեկնածու Ավինյանին սատարող գրառումներ են եղել։

Մեդիափորձագետ Արթուր Պապյանն ասում է՝ քաղաքական ուժերն ընտրություններում միշտ են կիրառել այդ պահին ակտուալ մեդիատեխնոլոգիաները։

«Տարիներ առաջ օգտագործում էին ամեն տեսակ LiveJournal բլոգային հարթակները, հետո ինչ-որ պահի անցել էին տարբեր ցոցցանցային հարթակների և այսօր էլ զարմանալի չի, որ արդեն ոչ թե ուղղակի գրում են ստատուսներ, այլ նաև աշխատում են ամբողջական գովազդային արշավներով, արդեն աճեցրած էջերով», - նշեց Պապյանը:

Փաստերի ստուգման հարթակը՝ FIP-ը, հոդվածում ներառել է ՔՊ-ական ավագանու մի քանի թեկնածուների, որոնք իրենց ֆեյսբուքյան էջերում կիսվել են այս օգտահաշիվների տեսանյութերով՝ ՔՊ-ին սատարող ու Հայկ Մարությանին վատաբանող։

Ինքնաբո՞ւխ են այս էջերի ադմինները որոշել Ավինյանին սատարել ու հակառակը՝ քննադատել Մարությանին ու Թանդիլյանին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Փամբուխչյանը պնդում է՝ այդ էջերն իրենց հետ կապ չունեն, իրենք օրինական բոլոր գործիքներից օգտվելով փորձում են սեփական ծրագիրն ու անելիքները երևանցիներին ներկայացնել։ Ընդգծեց՝ Մարությանին որպես գլխավոր մրցակից չեն համարում, բոլոր 13 թեկնածուների հետ են մրցում:

«Մի փոքր անտրամաբանական է ստացվում, եթե մեր թիմն իրեն չի տեսնում ընդգծված գլխավոր մրցակից և իր դեմ իրականացնի հակաքարոզչություն: Ֆեյսբուքն այն հարթակն է, որտեղ ցանկացած մարդ կարող է ցանկացած պահի էջ բացել ու այդ էջին տալ ուղղվածություն: Այսինքն՝ մենք չենք կարող կառավարել մի քանի հազար մարդկանց ֆեյսբուքյան գրառումներ», - ընդգծեց ՔՊ նախընտրական շտաբի ղեկավարը:

Փամբուխչյանն ասում է՝ իրենք են դատախազությանը հորդորել պարզել, թե այդ ի՞նչ նամակագրություններ են համացանցում տարածվել, թե իրենք առաջարկում են քարոզարշավին քայլելու համար քաղաքացիներին տարբեր վճարներ։ Դատախազությունն արդեն երկու օր է՝ ուսումնասիրում է իշխանության կողմից գումարով երթերի մարդկանց բերելու հաղորդումը, այսօր ասացին՝ նորություն դեռ չկա։

«Այս ամենը մենք կարող ենք այն տրամաբանության մեջ հաշվարկել, որ սա էլ մեր դեմ հակաքարոզչություն է, ինչ-որ բաներ են վերագրում, որ մենք անընդհատ փորձենք հերքել և փորձն էլ ցույց է տալիս, որ մեղադրանքին մարդն ավելի շուտ է հակված հավատալ, քան հերքմանը», - նշեց Արմեն Փամբուխչյանը:

Երևանի ավագանու ընտրություններին 1.5 շաբաթ է մնացել։ Լրատվական այս գրոհներում ինչպե՞ս կողմնորոշվի ընտրողը՝ ո՞վ է ճիշտ, ո՞վ՝ սխալ, ո՞վ է ու՞մ վարկաբեկում և ու՞մ պատվերով:

Այս հարցերով մեդիափորձագետ Արթուր Պապյանը մեկ պատասխան ունի. - «Ունենալ և՛ ՔՊ-ական, և՛ Հայկ Մարությանին աջակցող, և՛ ընդդիմության տարբեր ուժերին աջակցող տարբեր մեդիաներ և այդ բոլոր մեդիաներից փորձել ստանալ տեղեկատվություն ու համադրեն որևէ քաղաքական ուժի պնդումներին այս իրավիճակում հավատալ հնարավոր չէ և պետք չէ: Մարդիկ պիտի անեն սեփական դատողությամբ ու նաև շատ մեծ զգուշությամբ վերաբերվեն այսպես կոչված գովազդի տակ գնացող ցանկացած նյութի, որովհետև եթե ինչ-որ մեկը փող է ծախսել էդ կոնտենտը ձեզ հարցնելու, ուրեմն ինքը հստակ փորձում է դրանից օգուտներ ստանալ: Հիմա կարող է դա ՔՊ-ն անում է Հայկ Մարությանին սևացնելու համար կամ մեկ ուրիշը դա անում է որպես հավելյալ մանյովր, որպեսզի և՛ Մարությանին, և՛ Ավինյանին վնասի: Այսինքն՝ այս առումով որևէ միանշանակ բան պնդել դժվար է»:

Քարոզարշավի ընթացքը դիտարկող իրավապաշտպաններն արդեն մի քանի հայտարարություններով են հանդես եկել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն անհավասար մրցապայքարի է դուրս եկել դեռ քարոզարշավը չսկսած։ ՔՊ-ն այս պնդումները չի ընդունում:

«Մեզ էլ են սևացնում տարբեր էջեր ու տարբեր մարդիկ», - ասում է ՔՊ նախընտրական շտաբի ղեկավարը:

Ընդդիմադիր թեկնածուները, սակայն, նույնն են պնդում՝ իրենք հակագովազդների թիրախում են։

«Բալանսավորված մեդիակերակուր» ընտրեք», - ընտրողներին հորդորում է մեդիափորձագետ Արթուր Պապյանը։

XS
SM
MD
LG