Մատչելիության հղումներ

Հռոմի ստատուտով Հայաստանը նոր լծակներ է ձեռք բերում ադրբեջանական ագրեսիայի հանդեպ․ Խուրշուդյան


Հռոմի ստատուտով Հայաստանը նոր լծակներ է ձեռք բերում ադրբեջանական ագրեսիայի հանդեպ և այն Հայաստանին պետք է, որպեսզի ադրբեջանական ագրեսորները, որոնք որ պարբերաբար հարձակումներ են գործում Հայաստանի տարածք, այլևս ենթակա լինեն Միջազգային քրեական դատարանի ազդեցությանն ու վճիռներին, «Ազատության» հետ զրույցում ասաց «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը։

Նրա համոզմամբ, Հայաստանի համար երկրորդական է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հարցը։

Երևանի ու Մոսկվայի միջև հերթական լարվածության ֆոնին Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 1-ին Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտն ուղարկեց Ազգային ժողով՝ վավերացման։

Այս տարվա մարտին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշեց, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը: Դրանից մեկ շաբաթ առաջ Հաագայի Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել: Մասնագետներն ասում են՝ Հռոմի ստատուտի վավերացումը կնշանակի, որ եթե Պուտինը գա Հայաստան, իրավապահները պարտավոր կլինեն ձերբակալել նրան։ Մտահոգությունների մասին Մոսվկան դեռ ամիսներ առաջ էր հայտնել՝ հորդորելով ուսումնասիրել փաստաթուղթը վավերացնելու հետևանքներն ու ռիսկերը։ Երևանն էլ, առանց հստակ մանրամասների, վստահեցրել էր, որ հարցին անպայման կգտնվի իրավական լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի ու Ռուսաստանի համար։

Ընդգծելով, որ ՄԱԿ-ի արդարադատության դատարանը փետրվարի 22-ին և հուլիսի 6-ին Լաչինի միջանցքը բացելու երկու վճիռ է կայացրել, իսկ Ադրբեջանը չի հարգում դրանք՝ Խուրշուդյանը վստահեցրեց՝ այդ վճիռներն էական նշանակություն ունեն, եթե նույնիսկ կարճաժամկետ կտրվածքով դա տեսանելի չէ։ ՀԿ ղեկավարը հիշեցրեց Կոսովոյի անկախացման դեպքը։

«Դա տևեց 9 տարի` պատերազմը կանգնելուց հետո, և ամբողջ այդ 9 տարիների ընթացքում դա դատական գործերի մեջ փաստերի և նման վճիռների կուտակում էր, որի գագաթնակետը եղավ էլi ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի վճիռը, որով Կոսովոն անկախ ճանաչվեց։ Համարվեց, որ անհնար է, որ Կոսովոն ցեղասպան Սերբիայի ենթակայության տակ մտնի, որովհետև էթնիկ զտումները Սերբիայի քաղաքականության անբաժանելի մասն էին, և «անջատում հանուն փրկության» եզրույթն առաջ եկավ։ Նույնը պետք է կիրառելի դարձվի Արցախի համար, որովհետև Ադրբեջանը ցույց է տալիս, որ նույնիսկ շատ ավելի հեռուն է գնացել քան Սերբիան, իսկ դրվագները բացառապես ամբողջությամբ գրեթե կրկնվում են՝ թե՛ գերիների սպանությունը, թե՛ ռազմական այլ հանցագործությունները, թե՛ մասսայական դեպորտացիան, որը տեղի ունեցավ պատերազմի ժամանակ», - ասաց Խուրշուդյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Արցախի հարցում քաղաքական աջակցությունը հատկապես Արևմուտքում և եվրոպական տիրույթում պետք է կարողանալ կապիտալիզացնել Արցախի կոսովոյացման և Ալիևի միլոշևիզացման ձևով։

«Նաև պետք է անընդհատ հիշեցնենք որպես օրինակ Նախիջևանը և նախիջևանացումը դարձնենք եզրույթ` ցույց տալու համար, թե Ադրբեջանի քաղաքականությունն ինչպիսին է եղել միշտ, անկախ նրանից դա եղել է խորհրդային կազմում, թե անկախ է եղել, դա եղել է հայատյաց՝ հայերին բնաջնջելու, արտաքսելու, բռնագաղթեցնելու քաղաքականություն», - եզրափակեց Հովսեփ Խուրշուդյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG