Մատչելիության հղումներ

Երևանի ու Մոսկվայի լարված հարաբերությունները նոր շրջափուլ են մտնում


Երևանի ու Մոսկվայի առանց այդ էլ լարված հարաբերությունները նոր շրջափուլ են մտնում. վերջին մի քանի օրվա ընթացքում երկկողմ մեղադրանքներն էլ ավելի են ինտենսիվացել։

Պաշտոնական Մոսկվան այսօր արդեն ուղիղ՝ Ռուսաստանի նախագահի խոսնակի մակարդակով արձագանքեց Հայաստանի վարչապետի հայտարարություններին, որ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց ստանձնած առաքելությունը ու որ Ռուսաստանը հեռանում է տարածաշրջանից։

«Ռուսաստանը բացարձակապես այս տարածաշրջանի անբաժանելի մասն է, ուստի չի կարող որևէ տեղ հեռանալ, Ռուսաստանը չի կարող լքել Հայաստանը: Պետք չէ մոռանալ, որ Ռուսաստանում, ամեն դեպքում, ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում, որոնց մեծամասնությունը բացարձակապես օրինակելի և հայրենասիրական տրամադրվածությամբ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, որոնք իրենց արժանի ներդրումն են ունենում մեր երկրի զարգացման համար», - ասել է պաշտոնյան։

Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների փաստացի անգործությանն անդրադառնալով՝ իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմական զուգահեռ էր անցկացրել ու հայտարարել, թե կարող է «մի օր ուղղակի արթնանանք և տեսնենք, որ Ռուսաստանը տարածաշրջանում չէ»:

«Շատ են Ռուսաստանի մեր գործընկերները խոսում այն մասին, որ արևմտյան երկրները Հայաստանի հետ աշխատում են կամ Հայաստանի կառավարությանը դրդում են, որպեսզի Հայաստանի կառավարությունը միջոցներ ձեռնարկի, որոնց նպատակն է Ռուսաստանին դուրս մղել մեր տարածաշրջանից: Բայց մենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ խոսելիս երբեմն ասում ենք, բարձրաձայնում ենք մեր կարծիքը և մեր գնահատականը, որ ընդհակառակը, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը հենց իր կողմից ձեռնարկվող կամ չձեռնարկվող քայլերի բերումով ինքն է հեռանում տարածաշրջանից», - նշել է Հայաստանի վարչապետը:

Կրեմլի խոսնակը հայտարարել է, թե Ռուսաստանը շարունակում է հետևողական ու շատ կարևոր դեր խաղալ այս տարածաշրջանում իրավիճակի կայունացման և հակամարտությունների կարգավորման գործում ու թե՝ կշարունակի նույն կերպ: Պեսկովը շեշտել է՝ կարևոր է, որ տարածաշրջանի բոլոր պետությունները հավատարիմ մնան 2020 թվականի եռակողմ համաձայնագրերին։

Մինչդեռ հենց նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ Լաչինի միջանցքը, որտեղ հիմա ադրբեջանական անցակետն է ու ադրբեջանցի սահմանապահները, ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո պետք է լիներ, հենց նրանք պետք է ապահովեին մարդկանց տեղաշարժն ու ապրանքների փոխադրումը միջանցքով։ Այս հանգամանքն է պարբերաբար ընդգծում պաշտոնական Երևանը, երբ նշում է, որ ռուս խաղաղապահները փաստացի չեն կատարում իրենց պարտականությունները։

Մյուս կողմից, սակայն, Մոսկվան էլ Փաշինյանի իշխանությանն է մեղադրում ստեղծված իրավիճակի համար` հայտարարելով, թե դա հետևանք է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման։ Այդ երկրի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչն օրերս հայտարարել էր, թե ստեղծված իրավիճակը հետևանք է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման։ Երևանը Զախարովայի պնդումն ավելի վաղ նույնաբովանդակ և հիասթափություն առաջացնող էր որակել, հայտնել դրա վերաբերյալ իր «տարակուսանքն ու հիասթափությունը»։

Զախարովան այսօր ևս առիթը բացի չի թողել Հայաստանի իշխանություններին, մասնավորապես վարչապետին հրապարակավ կոշտ քննադատելու համար։ Մոսկվայի պաշտոնական ներկայացուցչի զայրույթի պատճառը Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունն էր, թե անվտանգային ոլորտում կապվածություն ունենալ միայն մի տեղից, ինքնին ռազմավարական սխալ է:

«Պետք է պատասխանատվություն կրել և սեփական պատասխանատվությունը, մեղքը մեկ ուրիշի վրա չգցել։ Հենց դրանում է տարբերությունը քաղաքական, պետական գործչի և անցողիկ մարդու, որը չի մտածում սեփական երկրի ազգային շահերի մասին», - նշել է Զախարովան։

Կառավարությունից դեռ չեն արձագանքել Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչին։

Զախարովան ճեպազրույցի ընթացքում Երևանի ու Մոսկվայի հարաբերությունների լարվածությանը նպաստող ևս մեկ թեմայի՝ Հռոմի ստատուտին է անդրադարձել։ Երևանը Ռուսաստանի նախագահին ձերբակալելու հրաման տված Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունն օրերս ուղարկեց Ազգային ժողով վավերացման։ Պաշտոնական Մոսկվայի ներկայացուցիչն ասել է, որ իրենք պարզաբանումներ են խնդրել Երևանից ու պատասխանից հետո էլ՝ կորոշեն հետագա քայլերը։

Հայաստանի խորհրդարանը նախքան լիագումար նիստում այս փաստաթուղթը քննարկելը մոտ մեկ ամիս ժամանակ ունի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG