Սահմանային իրավիճակը լարված է, որովհետև Ադրբեջանը զորքերի որոշակի կուտակում ունի Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին, նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ, Հանրայինի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ սահմանային իրավիճակի հետ կապված առաջին զանգերը եղել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Զանգերի նպատակը այն գործընկերներին, ովքեր տեղեկացված չեն կամ մեծ հավանականությամբ որոշ նրբությունների տեղեկացված չեն, նրանց այդ տեղեկությունները փոխանցված են, իսկ Ռուսաստանի Դաշնության նախագահը վստահաբար այս իրավիճակի մասին տեղեկացված է», - ասաց Հայաստանի կառավարության ղեկավարը:
«Հռոմի ստատուտը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ ոչ մի կապ չունի»
Վարչապետ Փաշինյանը խոսեց նաև Հռոմի ստատուտի վավերացման մասին՝ ընդգծելով, որ այդ գործընթացն ամենևին էլ կապված չէ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ:
«Հռոմի ստատուտը մեկնարկել ենք 2022 թվականի դեկտեմբերին, ու, ցավոք, վատ համընկնումներ ունեցավ Ռուսաստանի և Հաագայի քրեական դատարանի համատեքստում: Այդ գործընթացն ամենևին էլ կապված չէ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ, դա կապված է հենց սահմանային իրադրության լարվածությունների հետ: Մյուս կողմից մենք հասկանում ենք, իհարկե, որ վատ կոնտեքստներ են ձևավորում, կամ անհանգստացնող կոնտեքստներ են ձևավորվում, բայց մյուս կողմից մենք չենք կարող մեր հարաբերությունները և մեր պարտավորությունները սառեցնել մյուս գործընկերների հետ», - նշեց Նիկոլ Փաշինյանը:
«Մենք վավերացնում ենք, որովհետև ուզում ենք, որ 2022 թվականի սեպտեմբերի դեպքերը, 2021 թվականի մայիսի դեպքերը Միջազգային քրեական դատարանում քննության առարկա դառնան և սա ևս մեկ գործոն է, որը կարող է էական ազդեցություն բերել մեր անվտանգության աստիճանի մեծացման այն պայմաններում, որ ՀԱՊԿ-ը չի կատարել և չի կատարում Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները», - ընդգծեց վարչապետը:
«Էրդողանի հետ խոսակցությունը բովանդակային էր և օգտակար»
Անդրադառնալով այսօր Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցին՝ վարչապետն ընդգծեց. «Էրդողանի հետ խոսակցությունը բովանդակային էր և օգտակար: Կարևոր է նաև, որ փոխադարձաբար մի շարք նրբություններ կան, դրանց վերաբերյալ, դիրքորոշումների, գնահատականների վերաբերյալ լինի մշտական հաղորդակցություն»:
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ափսոսում է Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար՝ ընդգծելով. - «ԼՂ նոր ընտրված առաջնորդին՝ Սամվել Շահրամանյանին, կարծում եմ, իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ»:
«Շատ ծանր պատասխանատվություն է դրված նրա վրա», - ասաց Փաշինյանը: