Մատչելիության հղումներ

«Այս վճռական պահին Արցախին պետք է ուժեղ առաջնորդ»․ ընդդիմադիր պատգամավորը «չափավոր լավատես է»


Այս վճռական պահին Արցախին պետք է ուժեղ առաջնորդ, մարդ, որը գիտի ինչպես անել, ինչպես մոբիլիզացնել հասարակությունը, «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանն՝ անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականին։

Ընդգծելով, որ չափավոր լավատես է՝ Խաչատրյանը նկատեց՝ ամեն փոփոխություն նորի հնարավորություն է ընձեռում։

Խաչատրյան․ - Այս ճգնաժամային, վճռական պահին Արցախին պետք է ուժեղ առաջնորդ, մարդ, որը գիտի ինչպես անել, ինչպես մոբիլիզացնել հասարակությունը, կամ գոնե կիմանա ինչ անել և ինչպես մոբիլիզացնել հսարակությունը, այլ ոչ թե նախագահ, որն ասի՝ ես քաղաքական ակցիայի փոխարեն, ես քաղաքացիական ակցիա եմ անում և գնա նստացույց անի։ Չափավոր լավատես եմ, վերջիվերջո ամեն փոփոխություն նորի հնարավորություն է ընձեռում։

«Ազատություն»․ - Ի՞նչ չէր անում Արայիկ Հարությունյանն, ըստ Ձեզ, որ պիտի անի հաջորդ նախագահը։

Խաչատրյան․ - Ի՞նչ էր անում Արայիկ Հարությունյանը պատերազմից հետո, բացարձակապես որևէ բան չէր անում և, ցավոք սրտի, նաև այդ անգործության պատճառով Արցախի ազդեցությունն Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացների վրա հավանաբար զրոյական էր, կամ շատ փոքր էր։ Արցախի ձայնը լսելի չէր։ Ճիշտ է, վերջում արդեն խորհրդարանական խմբակցություններն էին հանդես գալիս, ասում էին, որ որևէ մեկն իրավունք չունի Արցախի անունից վճռել Արցախի ճակատագիրը, երբ Հայաստանի ղեկավարությունը հայտարարեց, որ ինքը ճանաչում է Ադրբեջանի գերիշխանությունն Արցախի նկատմամբ, բայց և այնպես, ես կարծում եմ, որ Արայիկ Հարությունյանը որևէ լուրջ հայտ չներկայացրեց, որպեսզի դիտվի, որպես անկախ պետության ղեկավար։

«Ազատաություն»․ - Իսկ ի՞նչ պիտի անի հաջորդ ղեկավարը։

Խաչատրյան․ - Պետք է բարձրացնի Արցախի սուբյեկտայնությունը, պետք է Արցախի ժողովրդի ձայնը լսելի դարձնի, որ Արցախը ներգրավվի Արցախի շուրջ ընթացող բանակցություններում։

«Ազատություն»․ - Բայց դա Արցախից կախվա՞ծ է, պարոն Խաչատրյան։

Խաչատրյան․ - Նաև Արցախից է կախված։ Պետք է ցույց տալ, որ Արցախը գործոն է, ոչ թե օբյեկտ է, որի մասին բանակցում են, այլ սուբյեկտ է, որ ինքը բանակցում է, ինչպես որ եղել է ամենածանր պահերին՝ 91, 92, 93-ի առաջին կեսերին, ավելի ծանր օրեր էլ են եղել։

«Ազատություն»․ - Խմբակցություն ունի Դաշնակցությունը, հնարավո՞ր է նախագահի թեկնածու առաջադրի։

Խաչատրյան․ - Անկեղծ ասած, չգիտեմ, Դաշնակցությունն ապակենտրոն կառույց է և դա Արցախի մեր կառույցի որոշելիքն է։ Այս պահի դրությամբ ես չեմ կարող ասել՝ արդյոք նման որոշում կա, քաղաքական ուժերն ընդհանրապես նման հարց քննարկել են, թե չէ։

Արայիկ Հարությունյանը երեկ հայտարարեց, որ այսօր Ազգային ժողով կներկայացնի Արցախի նախագահի պաշտոնից հրաժարվելու իր դիմումը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG