«Ազատության» զրուցակիցն է Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։
«Ազատություն». - Դուք մինչև հրաժարականն էլ ասում էիք, որ Արայիկ Հարությունյանի վրա կան ճնշումներ։ Մասնավորապես ո՞ր շրջանակներն են դրանք։
Արթուր Օսիպյան. - Ազգային ժողովում ներկայացված բոլոր կուսակցությունների կողմից, բնականաբար, բացի «Ազատ հայրենիք» կուսակցությունից, նույնն էլ այս ղեկավարության կողմից։ Ճիշտ է՝ իրենցից այդպես բացահայտ պահանջը չենք լսել, երբ որ օրեր առաջ քննարկում է եղել Ազգային ժողովում ժողովրդի պահանջով, բայց մեկ է՝ զրույցի նույնիսկ տոնի վրա զգացվում է, որ իրենք բոլորն էլ ճնշում են Արայիկ Հարությունյանի վրա, որպեսզի ինքը իշխանությունը հանձնի։
«Ազատություն». - Այսինքն՝ Դուք սա կանվանեի՞ք իշխանափոխություն, գուցե հեղաշրջում Արցախում։
Արթուր Օսիպյան. - Ներքին հեղաշրջում, բայց դե ոչ ժողովրդով, այլ ներքին ռեսուրսների օգտագործելով, այո, իրենք փորձում են իշխանությունը զավթել։ Ինչ-որ մի տեղ էլ սա կարող է նաև Արայիկ Հարությունյանին է ձեռք տալիս, ինքն էլ չէր այդքան դեմ, երբ որ տարբեր մարդկանց և ուժերի կողմից պահանջը հնչեցվում էր, Արայիկ Հարությունյանը շատ հանգիստ էր դա ընդունում։ Իմ կարծիքով՝ իրենց բոլորի մտքում կա, որ կարող է հանկարծ պահը հասնի նրան, որ Արցախում ապրելը լինի անհնար, և նույնիսկ եթե արդեն ծանր, ծայրահեղ, ողբերգալի դեպքեր լինեն, ու արցախցիները նույնիսկ եթե իրենք էլ լինեն համաձայն Արցախը լքելու, մեկ է՝ ով որ այդ հրամանը տա, կամ ով այդ էվակուացիայի մասին խոսի, հետո ամբողջ մեղքը թափվելու է իր վրա, անկախ նրանից, թե ժողովուրդն այդ պահին համաձայն են դրան, թե չէ, և սրանից խուսափում են բոլոր քաղաքական ուժերը, բայց բնականաբար եթե գործը հասնի սրան, ես իրենց մտահոգությունների մասին եմ խոսում, այլ ոչ թե նման քննարկումներ կամ նման առաջարկություններ են դիտարկվում, բայց մտավախությունը կա, որ եթե գործը հասնի սրան, երկրի ղեկավարը լինելու է ամենածանր դիրքում, հայտնվելու է ամենածանր դիրքում։
Այդ առումով Արայիկ Հարությունյանին էլ է ձեռք տալիս, որ դա ինքը չի լինի։ Իսկ ինչո՞ւ է ձեռք տալիս դա մնացածներին, որովհետև եթե իրենք զավթեն նախագահի աթոռը, բնականաբար սաղ մեղքը կգցեն Արայիկ Հարությունյանի վրա, իրենք կմաքրվեն, բացի դրանից, ժողովուրդը այսպես թե այնպես կապված կլինի իրենց հետ, և եթե Հայաստան Արցախից մեկնեն տասնյակ հազարավոր մարդիկ տուն-տեղ կորցրած, մեկ է իրենք կապված են լինելու վերջին նշանակվածի հետ։ Եվ սրանով իրենք իրենց քայլերն են անելու, որպեսզի Հայաստանում իշխանափոխություն անեն, և իրենք գան իշխանության՝ նախկին ուժերը՝ Սերժ Սարգսյանի կլանը կամ Ռոբերտ Քոչարյանի կլանը, կամ համատեղ։
«Ազատություն». - Այսինքն՝ Դուք նկատի ունե՞ք, որ հիմա նաև նրանք են կանգնած Արցախում տեղի ունեցող այս գործընթացների հետևում։
Արթուր Օսիպյան. - «Արդարություն» կուսակցությունն է, Դաշնակցությունն է, ԱԺԿ-ն, նախկին նախագահները՝ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, իրենք հենց Սերժ Սարգսյանի թիմն են, ճյուղերն են բաց թողած Արցախում, և Ռուբեն Վարդանյանի հետ մեկտեղ մի հատ բլոկ են իրենք։