Մատչելիության հղումներ

Արցախի նախագահը հրաժարականի դիմումը ներկայացրեց ԱԺ


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով:

«Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 98-րդ հոդվածով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողով եմ ներկայացնում Հանրապետության Նախագահի պաշտոնից իմ հրաժարականը», - դիմումում գրել է Հարությունյանը։

Արայիկ Հարությունյանը երեկ խոստացավ սեպտեմբերի 1-ին հրաժարական տալ՝ նշելով՝ հեռանալու որոշումը բացառապես իրենն է։

Հնարավոր զարգացումների պայմաններում, Հարությունյանի ձևակերպմամբ, մոտեցումների փոփոխության կարիք կա, իսկ դրա համար Արցախում պետք է հիմնական դերակատարները փոխվեն։

Իր վերջին հրամանագրերով Հարությունյանը փոփոխեց պետնախարարին ու նորին նշանակեց. Գուրգեն Ներսիսյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը։

Վերջերս փոփոխված ԱԺ կանոնակարգ օրենքով՝ ռազմական դրության ժամանակ Արցախի նախագահին խորհրդարանն է ընտրում՝ խմբակցությունների առաջադրած թեկնածուներից՝ «մինչև գործող նախագահի լիազորությունների ավարտը նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում՝ ոչ շուտ, քան 7, ոչ ուշ, քան 10 օր հետո»։ Արցախում հիմա ռազմական դրություն է։ ԱԺ-ի կողմից ընտրված նախագահը պաշտոնավարելու է մինչև գործող նախագահի լիազորությունների ավարտը՝ այսինքն մինչև 2025 թվականը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG