«Ժողովրդավարության և անվտանգության» տարածաշրջանային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարծում է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կամավոր չէ լքում իր պաշտոնը, այլ եղած ճնշման ներքո։
Արցախի նախագահը այսօր հայտնեց, որ վաղը հրաժարականի դիմում է ներկայացնելու, պաշտոնից ազատվել է նաև պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։ Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը։
Ստորև ներկայացնում ենք հատված Տիգրան Գրիգորյանի հետ զրույցից.
«Ազատություն». - Արայիկ Հարությունյանը հեռանում է Արցախի նախագահի պաշտոնից։ Կամավո՞ր է անում դա։
Տիգրան Գրիգորյան. - Չեմ կարծում, թե կամավոր է։ Պարզ է, որ վերջին շրջանում Հարությունյանի նկատմամբ բավականին լուրջ ճնշում կար տարբեր կողմերից, և բևեռներից մեկը հասավ, մեծ հաշվով, իր նպատակին։ Այդ բևեռի կարկառուն դեմքերն են Արցախի նախագահի նախագահները՝ Բակո Սակահյանը, Արկադի Ղուկասյանը, Ռուբեն Վարդանյանը (նախկին պետնախարար-խմբ.), մեծ հաշվով այդ բևեռը ստեղծելու գործում լուրջ ներդրում ունի. հիշում ենք, որ պաշտոնից ազատումից հետո՝ փետրվարին, նա ակտիվ ներքաղաքական գործունեությամբ սկսվեց զբաղվել և կոնսոլիդացրեց այդ բոլոր ուժերին, այսինքն՝ նախկին նախագահներին ու նրանց շրջապատում գտնվող ուժայիններին, ինչպես նաև խորհրդարանի երեք ընդդիմադիր կուսակցություններին, և հիմա այս խմբի պահանջով, կարելի է ասել, կարծես թե, Արայիկ Հարությունյանը գնաց այդ որոշմանը։
Տեսնում ենք, որ վերջին օրերին հատկապես իրավիճակն Արցախում բավականին անկայուն էր, հատկապես այդ երեք երիտասարդի առևանգման դեպքից մասայական ցույցեր էին տեղի ունենում, խորհրդարանում մինչև ուշ գիշեր քննարկումներ էին տեղի ունենում։ Այս գործընթացը մեծ հաշվով կանխատեսելի էր, և այո, պատասխանելով Ձեր հարցին, ամենայն հավանականությամբ հենց ճնշման ներքո է ամեն ինչ իրականացվել։
«Ազատություն». - Եվ այն, որ հեռանում է նաև Գուրգեն Ներսիսյանը, և նրան հատկապես Սամվել Շահրամանյանն է փոխարինում, որը կապվում է Բակո Սահակյանի հետ, սրա վկայությո՞ւնն է։
Տիգրան Գրիգորյան. - Չեմ կարծում, թե Գուրգեն Ներսիսյանի հեռանալը կամ չհեռանալը սկզբունքային պահ է, Գուրգեն Ներսիսյանն, այնուամենայնիվ, առանձին քաղաքական միավոր չէ Արցախում, և իր աշխատանքը, կարծում եմ, անբավարար է գնահատվում բոլոր դերակատարների կողմից այս ընթացքում՝ վերջին ամիսների ընթացքում խորացող ճգնաժամի պայմաններում։
Ինչ վերաբերում է Սամվել Շահրամանյանին, ապա, այո, Սամվել Շահրամանյանը ևս ինքնուրույն գործիչ չէ, ինքնուրույն միավոր չէ, նա հենց այս շրջանակը ներկայացնող դեմքերից մեկն է։ Բակո Սահակյանի նախագահության տարիներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել, մինչև պատերազմը ևս նախարար է եղել, և այս նշանակումը եթե տեղի ունենա, կամ ընտրությունը պետք է Ազգային ժողովը կատարի, եթե նրան ընտրեն նաև նախագահի պաշտոնում, որովհետև կան նաև այդպիսի լուրեր, ապա նշանակում է, որ Արցախում կառավարումը արդեն իսկ իրականացվելու է կոլեգիալ սկզբունքով, այսինքն՝ ստեղծվելու է ինչ-որ մի ոչ ֆորմալ խումբ, կառույց, որը ևս մեծ հաշվով իրականացնելու է բոլոր որոշումների կայացումը։