ՀՀ ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների մշտադիտարկման արդյունքում Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ, հաղորդում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։
Բաքուն «բացարձակ սուտ է որակել Երևանի հաղորդումը։
Այսօր ավելի վաղ Բաքուն հաղորդել էր, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացնում Սոթքի հատվածում։
Երևանը հերքել էր Բաքվի հաղորդումը՝ որակելով ադրբեջանական քարոզչամեքենայի ստահոդ տեղեկություններ։
«Նման կեղծ տեղեկությունների շրջանառմամբ ադրբեջանական կողմը տեղեկատվական հիմք է ստեղծում Սոթքի ուղղությամբ այսօր առավոտյան սկսած հերթական սադրանքը շարունակելու նպատակով», - հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։
Առավոտյան Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդեց Սոթքի հատվածում ադրբեջանական զինուժի ինտենսիվ կրակոցների մասին: Ավելի ուշ նախարարությունը հայտնեց հայկական կողմի 2 զոհի և 1 վիրավորի մասին:
Ադրբեջանը հաղորդում է իր 3 վիրավորների մասին և պնդում, թե «պատասխան գործողություններ» են ձեռնարկել: