Մատչելիության հղումներ

Վաշինգտոնն ու Բրյուսելը Բաքվին կոչ են անում բացել Լաչինի միջանցքը


ԱՄՆ և Եվրամիության դրոշները, արխիվ
ԱՄՆ և Եվրամիության դրոշները, արխիվ

Պաշտոնական Վաշինգտոնն ու Բրյուսելը Բաքվին կոչ են անում բացել Լաչինի միջանցքը և ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ տեղաշարժը, ընդ որում՝ թե՛ Եվրամիության, թե՛ Միացյալ Նահանգների դիվանագիտական գերատեսչությունների հայտարարություններում Աղդամի ճանապարհի մասին հիշատակում չկա։

«Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել Լաչինի միջանցքով անվտանգ և անխոչընդոտ տեղաշարժը», - երեկ հայտարարում էր Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Իսպանիայի Տոլեդո քաղաքում ԵՄ արտգործնախարարների հանդիպումից հետո։ Բորելի խոսքով՝ դաշինքի անդամ երկրների պաշտոնյաների մասնակցությամբ հավաքին նաև Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցն է քննարկվել։ Այլ մանրամասներ Եվրամիության պաշտոնյան չի հայտնել:

Հինգշաբթի օրն ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքն էր տեղեկացրել, որ հարցը Տոլեդոյի հավաքի օրակարգում է ներառվել իր ու ֆրանսիացի պաշտոնակցի նախաձեռնությամբ։ Արցախի ավելի քան ութ ամիս շարունակվող շրջափակումն ու օր-օրի վատթարացող հումանիտար ճգնաժամը Գերմանիայի արտգործնախարարն «աղետալի» է որակել ու ընդգծել Լաչինի միջանցքի բացման կարևորությունը։ Բերբոքը նաև հավելել էր, թե մի քանի օր է, ինչ քննարկումներ են ընթանում Միացյալ Նահանգների հետ՝ երաշխավորելու, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հումանիտար օգնություն կստանա։

Այս հայտարարությունից մի քանի ժամ անց պաշտոնական հաղորդագրություն տարածեց Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը։ Գերատեսչության խոսնակ Մեթյու Միլլերը շեշտել է՝ խորապես անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում մարդասիրական պայմանների վատթարացմամբ, որն, ինչպես նշել է, հետևանքն է սննդամթերքի, դեղորայքի և արժանապատիվ գոյության համար կարևոր այլ ապրանքների շարունակական արգելափակման։

Միլլերի խոսքով՝ Միացյալ Նահանգները վերջին շաբաթներին մշտապես աշխատել է կողմերի հետ, որպեսզի հումանիտար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, կրկին կոչ անելով անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային և ուղևորների փոխադրումների համար:

«Բաքվի պաշտոնյաները և Ստեփանակերտի ներկայացուցիչները պետք է անհապաղ հանդիպեն՝ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղում ապրող տղամարդկանց, կանանց և երեխաների համար կարևոր ապրանքների փոխադրումը, այդ թվում՝ մատակարարման լրացուցիչ ուղիներով, և վերսկսեն քննարկումները բոլոր առկա խնդիրների շուրջ», - հայտարարել է ԱՄՆ արտաքին գերատեսչության խոսնակը՝ պնդելով. - «Պարզ հումանիտար աջակցությունը երբեք չպետք է քաղաքական տարաձայնությունների գերին դառնա»։

«Շրջափակման» մասին պնդումներն անընդունելի են, «հումանիտար լարված իրավիճակի» մասին պնդումները`անհիմն, Ստեփանակերտի ներկայացուցիչներն էլ «ապօրինի գործող խամաճիկ ռեժիմ» է․ պաշտոնական Բաքվի արձագանքն է:

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն հակադարձել է պաշտոնական Վաշինգտոնի հայտարարությանը՝ կրկին պնդելով, թե Լաչինի միջանցքի երկու ուղղություններով օրական տասնյակ հայեր են գնում-գալիս, 40 տոննա ալյուրով բեռնված մեքենաներն Աղդամի մուտքի մոտ են սպասում, ադրբեջանական կողմի հանդիպման հրավերներին ի պատասխան էլ հայերն «անօրինական նախապայմաններ են առաջ քաշում»։

XS
SM
MD
LG