Արցախի խորհրդարանի ղեկավար Դավիթ Իշխանյանը և՛ հայտարարում է՝ հստակ որոշում ունեն՝ փակ պահել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը, և՛ նշում՝ ռուս խաղաղապահների հետ քննարկումները դեռ շարունակվում են։
«Մենք ունենք մեկ ճանապարհ, որը կոչվում է Լաչինի միջանցք ու այդ միջանցքով թե՛ հումանիտար բեռներ և թե՛ ընդհանրապես Արցախից Հայաստան ու Հայաստանից Արցախ անխափան երթևեկը պետք է վերականգնվի ու ապահովվի», - նշեց Իշխանյանը:
Չնայած Ստեփանակերտի մերժումներին, Բաքուն անցավ գործնական քայլերի ու 40 տոննա ալյուր ուղարկեց Լեռնային Ղարաբաղ։ Ադրբեջանական երկու բեռնատարները երեկվանից կանգնած են Աղդամում, չեն հատել ռուս խաղաղապահների անցակետը, որից այն կողմ Ստեփանակերտ ճանապարհն է։
«Մեր պետական համապատասխան կառույցները տվել են իրենց համապատասխան ցուցումները Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ ճանապարհին տեղակայված է ռուս խաղաղապահների համապատասխան բլոկ-պոստը, նաև կա մեր Ներքին գործերի նախարարության պարեկային հսկողության կետը, անշուշտ, կան համապատասխան ցուցումներ, կա հստակ որոշում այդ ճանապարհը փակ պահելու, այդ ճանապարհը չօգտագործելու», - ասաց Արցախի ԱԺ նախագահը:
Այնուհանդերձ, Դավիթ Իշխանյանը խոսեց ռուս խաղաղապահների առաջարկից, որ ադրբեջանական ալյուրը մտնի Արցախ ու հիմա այդ հարցով քննարկումներն ավարտված չեն. - «Ռուս խաղաղապահների առաջարկը, որ հնարավորություն տրվի մեքենաների մուտքը Արցախի Հանրապետության տարածք որևէ արդյունք չի տվել: Ես ուզում եմ հույս հայտնել, որ այդ բանակցությունները փոխըմբռնման մթնոլորտում կավարտվեն ու կունենան իրենց տրամաբանական ավարտը: Կարծում եմ՝ դեռևս այդ քննարկումները կշարունակվեն, և մեր սպասելիքները պետք է որ արդարանան»:
Իշխանյանը պարզաբանեց՝ ինչու են անընդունելի համարում Աղդամի ճանապարհի գործարկումը՝ կա մեկ՝ Լաչինի միջանցքը, երկրորդի հասկացողությունը, ասաց, չպետք է ամրագրեն։ Ադրբեջանցիների երեկվա քայլը անընդունելի է համարում, բայց հասկանում է նպատակը, ուզում են ցույց տալ աշխարհին, որ Արցախի ժողովրդի կարիքներն են հոգում: Կարմիր մահիկի միջոցով էլ, ըստ Ազգային ժողովի նախագահի, ձգտում են Արցախից դուրս մղել միջազգային Կարմիր խաչին։
«Պատահական չէ, որ Կարմիր խաչի մեքենաներով չեն», - նշեց նա:
Իշխանյանը հավաստիացրեց՝ Հարությունյանի հրաժարականի հարց հիմա չի քննարկվում
Արցախի Ազգային ժողովի նախագահն այսօրվա ասուլիսի ընթացքում խոսեց Արցախի նախագահի հրաժարականի ու նրան փոխարինելու հնարավորությունից։ 23 օր խորհրդարանի խոսնակի պաշտոնը զբաղեցնող Իշխանյանը հավաստիացրեց՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարց հիմա չի քննարկվում, իրեն էլ Արցախի ամենաբարձր պաշտոնը չի առաջարկվել։
Երբ նախագահը հրաժարականի ցանկություն է ունեցել ու արդ հարցով քննարկում է արել, ըստ Իշխանյանի, գրեթե բոլոր մասնակիցները պնդել են, որ այս պայմաններում այդ քայլը կարող է երկրում քաոս ստեղծել։ Թե հատկապես ո՞ւմ մասնակցությամբ հանդիպման մասին էր խոսում, պարզ չդարձավ։
Ինքը՝ Արայիկ Հարությունյանը նախօրեին էր հայտարարել՝ հարցը կորոշվի առաջիկա օրերին։
«Ներքին դաշտում շրջանառվող տարբեր լուրերը, լրատվությունները, պետք է ասեմ, որ իրականությանը չեն համապատասխանում, չի համապատասխանում նաև այն փաստը, որ քննարկվում է նախագահի հրաժարական ու իմ կողմից նախագահի պաշտոնը ստանձնելու հարց», - ասաց Արցախի ԱԺ նախագահը:
Դավիթ Իշխանյանը նաև որոշ փակագծեր բացեց Արցախցի երիտասարդների առևանգումից հետո ԱԺ-ում անցկացված ու ժամեր տևած քննարկումից։ Ասաց՝ խորհրդակցության են հավաքվել նախագահի հրավերով՝ Աժ պատգամավորներն են ներկա եղել, Արցախի նախկին երկու նախագահները՝ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, խորհրդարանական ուժերի ղեկավարները, արտախորհրդարանական ուժերից ներկայացուցիչներ, Անվտանգության խորհրդի անդամները՝ ուժայինները։
Չեն շրջանցել այս օրերին քննարկվող մարդկանց տարհանելու հարցը ևս. - «Այսինքն՝ ընդհանուր քննարկումների արդյունքում քաղաքական ապաստարանի կամ տարհանման հարցերը մի կողմ է թողնվել, եթե կլինի այպիսի անհրաժեշտություն, մենք կարող ենք օրակարգի այդ հարցը վերաթարմացնել և համապատասխան քննարկումներ ունենալ»:
Կրկնեց՝ Ադրբեջանցիների հետ պատրաստ են հանդիպել թե՛ երրորդ երկրում, թե՛ Ադրբեջանում, բայց երրորդ կողմի ներկայությամբ։ Առ այս պահը, ասաց, չկան գործնական քայլեր, Ադրբեջանը պնդում է միայն իր տարածքում հանդիպման մասին։
«Արդյոք Ադրբեջանը չի օգտագործի այս կարգի հանդիպումները մեր քաղաքական գործիչներին առևանգելու և համապատասխան քայլեր անելու, մենք պիտի բոլոր պայմանները հաշվի առնենք», - ընդգծեց Իշխանյանը:
Մինչ Արցախից մերժում են Բաքվից մթերք ստանալու առաջարկը, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը խոստանում է՝ Աղդամով ճանապարհի բացումից հետո 24 ժամվա ընթացքում Լաչինի ճանապարհի բացում։ Մեկ այլ առաջարկ էլ է անում արցախցիներին՝ նույն լեզվական, մշակութային, կրոնական, այդ թվում՝ մունիցիպալ իրավունքներ, ինչ, ըստ նրա, Ադրբեջանի մյուս քաղաքացիներն ունեն։